Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Անցյալ ամիս երեք հայ երիտասարդ գործարարներ վաճառասեղան էին վարձակալել Գլենդելում գտնվող «Ամերիկանա» առևտրային, ռեստորանային և թատերական մեծ համալիրում՝ իրենց shop1915.com կայքում գովազդվող շապիկները, գլխարկները և հագուստի պարագաները վաճառելու համար:
Թինա Չուլջյանը, Ալեքս Կոտագոլյանը և Արմին Հարիրին (հայտնի որպես ռեփեր «Ար-Մին») սկսեցին իրենց ապրանքների վաճառքը՝ «Ամերիկանա»-ի լիզինգի աշխատակիցների կողմից դրանք հաստատելուց հետո:
Այդ երեք հայերի բիզնեսի բացման օրը՝ փետրվարի 12-ին, «Ամերիկանա»-ի ղեկավարությունն անսպասելիորեն հայտնեց նրանց, որ վաճառասեղանից հեռացնեն բողոքի բոլոր պատկերները: Չնայած վաճառասեղանի վրա բողոքի որևէ պատկեր չկար, բացառությամբ վաճառքում առկա շապիկներով մարդկանց պաստառների, Չուլջյանը տեղեկացրեց «Կալիֆորնիա Կուրիեր»-ին, որ անմիջապես հանել է այդ պաստառները՝ խուսափելով «Ամերիկանա»-ի հետ որևէ վեճից:
Փետրվարի 25-ին «Ամերիկանա»-ն վերջնագիր ներկայացրեց Թինային և նրա երկու գործընկերներին, որ 24 ժամվա ընթացքում նրանք պետք է փոխեն վաճառքի հանված իրենց ապրանքատեսականին, պնդելով, որ բողոքներ են եղել «ցեղասպանության» հագուստ վաճառելու մասին: Հակառակ դեպքում, նրանք ընդամենը երեք օր ունեն տարածքն ազատելու համար:
Մտահոգվելով, որ իրենք վտարման եզրին են, գործարարները համաձայնեցին չցուցադրել հայկական շապիկները և դրանք վաճառել միայն հաճախորդների պահանջի դեպքում: Նույն օրը կեսօրից հետո «Ամերիկանա»-ի մի պաշտոնյա վերահաստատեց, որ «ցեղասպանության» թեմայով հագուստի բոլոր տարրերը պետք է ամբողջությամբ հեռացնել վաճառասեղանի վրայից:
Սա բացահայտ միջամտություն էր երեք հայերի բիզնեսին: «Ամերիկանա»-ն իրավունք չուներ արգելել «ցեղասպանության» շապիկները՝ խախտելով սեփականատերերի խոսքի ազատության իրավունքը: Բացի այդ, անցյալ շաբաթ այցելելով առևտրի կենտրոն, ես տեսա, որ շապիկների վրա ցեղասպանություն բառը չկար, այլ կար միայն հետևյալ մակագրությունը. «ՄԵՆՔ ԴԵՌ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ - 2015»: Վաճառքի համար ցուցադրված այլ շապիկների վրա կար P տառը՝ Pentagon Records-ի համար, որը հայ գործարարների ընկերության անվանումն է:
Համոզված չենք, թե որևէ մեկն իրականում բողոքել է «Ամերիկանա»-ի ղեկավարությանը հայկական շապիկների մասին: Ոչ ոք երբևէ քննադատական խոսք չի ասել բիզնեսի սեփականատերերին: Ավելին, եթե անգամ որևէ մեկը բողոքեր, արդյոք դրանից հետո «Ամերիկանա»-ում չպիտի՞ վաճառվեր հայկական հագուստ՝ ցեղասպանություն բառով կամ առանց դրա: Սա վտանգավոր է... Եթե որևէ մեկը բողոքի «Ամերիկանա»-ում գտնվող Barnes & Noble գրախանութում Հոլոքոսթի և Ցեղասպանության մասին գրքերի վաճառքից, ապա արդյոք առևտրի կենտրոնի ղեկավարությունը արգելելո՞ւ է նման գրքերի վաճառքը: Իսկ ի՞նչ ասել այդ նույն առևտրի կենտրոնում գտնվող կինոթատրոնների մասին, որտեղ ցուցադրվող ֆիլմերը կարող են վիրավորել որոշ հաճախորդների:
Գիտակցելով, որ «Ամերիկանա»-ն խախտել է իր քաղաքացիական իրավունքները, Թինան խորհրդակցեց փաստաբանի հետ՝ պարզելու, թե ինչ իրավական քայլեր կարող է ձեռնարկել իր բիզնես շահերը պաշտպանելու համար: Նա տեղեկացրեց իրավաբանին, որ «Ամերիկանա»-ի հետ կնքած պայմանագիրը չի արգելել ցեղասպանության թեմաներով հագուստի վաճառքը: Պայմանագիրը պարզապես արգելել է պոռնոգրաֆիական նյութերի, թմրանյութերի և օգտագործված ապրանքների վաճառքը: Փաստաբանը Թինային հայտնեց, որ թեև «Ամերիկանա»-ի որոշումները բացահայտ ապօրինի են, սակայն նա այլընտրանք չունի, քան ենթարկվել դրանց, քանի որ ստիպված է լինելու դուրս գալ հզոր իրավական թիմ ունեցող մի խոշոր կորպորացիայի դեմ:
Թինան, թեև հիասթափված էր, որ անկարող գտնվեց պաշտպանելու իր օրինական շահերը, սակայն որոշեց հետևել փաստաբանի խորհրդին և դժկամությամբ ենթարկվեց «Ամերիկանա»-ի ապօրինի ու դաժան հրամաններին՝ իր բիզնեսը չկորցնելու համար: «Այնպիսի տպավորություն ունեի, կարծես վերադարձել եմ «Չոր օրենքի» տարիները և արգելված ապրանք եմ վաճառում», - ասաց Թինան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթին:
Անցյալ շաբաթ Թինան դարձյալ նախազգուշացումներ ստացավ «Ամերիկանա»-ից՝ չցուցադրել ցեղասպանությանն առնչվող որևէ հագուստ, անգամ այն բանից հետո, երբ նա հանել էր բոլոր հայկական շապիկները՝ բացառությամբ մեկի, որի վրա գրված էր. «ՄԵՆՔ ԴԵՌ ԱՅՍՏԵՂ ԵՆՔ - 2015»:
Այս տարաձայնությունը երեք հայ երիտասարդների անձնական շահերից շատ ավելի հեռուն է գնում: «Ամերիկանա»-ի որոշումները ազդում են բոլոր վարձակալների և ամբողջ հայ համայնքի քաղաքացիական շահերի վրա, հատկապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին: Գլենդեյլի հայերը և քաղաքային իշխանությունները, որոնք «Ամերիկանա»-ին շնորհել են հարկային շռայլ արտոնություններ, պետք է անհապաղ միջամտեն սույն հարցին՝ պաշտպանելով այս փոքր բիզնեսի երեք սեփականատերերին:
«Ամերիկանա»-ն պատկանում է Ռիկ Կարուզոյին, որը բարեկամական հարաբերությունների մեջ է Գլենդեյլի հայկական խոշոր համայնքի հետ: Հուսով ենք, որ Կարուզոն անհրաժեշտ ուղղիչ քայլեր կձեռնարկի, երբ իմանա իր աշխատակազմի անհարկի և ապօրինի որոշումների մասին:
«Ամերիկանա»-ի գրասենյակից ոչ ոք չարձագանքեց հեռախոսազանգիս, որով ցանկանում էի բացատրություն պահանջել հայկական հագուստի վաճառքն արգելելու վերաբերյալ:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի