Մատչելիության հղումներ

Ստեփան Սաֆարյան. Ընդդիմադիր հարթակը դատարկ է մնացել


Ստեփան Սաֆարյան. Ընդդիմադիր հարթակը դատարկ է մնացել
please wait

No media source currently available

0:00 0:03:23 0:00

Ստեփան Սաֆարյան. Ընդդիմադիր հարթակը դատարկ է մնացել

Ըստ քաղաքագետի, ««Սերժի՛կ, հեռացիր», «բոլորի հախից գալու ենք» կոչերը վերածվել են քաղաքական պոռոտախոսության։

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի խոսքով, ընդդիմադիր հարթակը, որը վերջին մեկ տարվա ընթացքում եռյակն էր զբաղեցրել, դատարկ է մնացել։ Նրա համոզմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) վերջին փոփոխություններից հետո արմատական ընդդիմության դաշտում երբեք չի լինի, իսկ եռյակի մյուս կուսակցությունների գաղափարախոսություններն, ըստ քաղաքագետի, արդեն արդիական չեն։

««Սերժի՛կ, հեռացիր», «Ռոբի՛կ, հեռացիր», «բոլորի հախից գալու ենք», արդեն այս ամենը վերածվել է քաղաքական պոռոտախոսության։ Եվ բացի հիասթափությունը, ոչինչ չեն ավելացնում քաղաքական կապիտալի առումով», - ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով, ԲՀԿ-ի դեմ արշավից հետո, իշխանությունը միայն շահեց այն հարցում, որ, Գագիկ Ծառուկյանի նախադեպով, վախի մթնոլորտ ստեղծվեց գործարարների շրջանում։

«Հիմա որևէ գործարար, ես կասկածում եմ, որ կարողանա բարևի ռադիկալ ընդդիմությանը։ Էդպիսի խոշոր տրամաչափի գործարարի նկատմամբ նման նախադեպ ստեղծել, սա, կներեք, արդեն նշանակում է՝ իշխանությունը կարգին վախեցրել է բոլորին», - ասաց քաղաքագետը։

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի կարծիքով, ԲՀԿ-ի հետ կապված վերջին իրադարձությունները բացառեցին մի գաղափար՝ «չի կարելի լինել, այսպես ասած, ապահով ընդդիմություն»։

«Դու չես կարող տիրապետել ֆինանսական մենաշնորհային միջոցների ու, օգտագործելով այն փաստը, որ հասարակությունը դժգոհ է, նրան բերել Ազատության հրապարակ», - ասաց Սեդրակյանը։

Ստեփան Սաֆարյանը հավելեց՝ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Ծառուկյանի մասին Սերժ Սարգսյանի կողմից տրված որակումներն այս պահին էին ձեռնտու իշխանություններին՝ նշելով՝ աա էր պատճառը, որ հենց հիմա սկսեցին խոսել քաղաքական երկրորդ ուժի ղեկավարի մտավոր ու քաղաքական կարողությունների մասին։

«Մարտահրավեր է այժմ Սերժ Սարգսյանի համար, թե ի՞նչ է անելու ինքը իր թիմի տգետների և տգիտությունն արմատախիլ անելու կապակցությամբ, որովհետև չափանիշները չպետք է լինեն երկակի, եռակի՝ եթե դրանք կիրառվում են որևէ թիմի նկատմամբ, ապա դա պետք է արվի բոլորի նկատմամբ։ Պարզապես այժմ Գագիկ Ծառուկյանի խնդիրն էր լուծվում. տեսե՛ք, հիմա լռել է ՀՀԿ-ն, ոչինչ չի խոսում », - ասաց Սաֆարյանը։

Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով, բոլոր կուսակցությունների մեջ էլ վերանայման, արժեքները վերագնահատելու կարիք կա և քաղաքականությունը տգիտությունից մաքրելու գործընթացից Հանրապետական կուսակցությունը, ըստ Մինասյանի, դուրս չի մնացել. - «Ազգային ժողովի նախորդ նստաշրջանի մասնակիցներին վերցրեք և այս նստաշրջանի՝ կիսով չափ մաքրվել է»։

Վերջին տարիներին ընդդիմությունը պարբերաբար հայտարարում էր իշխանական բուրգի հնարավոր ճեղքերի մասին։ Վերլուծաբան Անուշ Սեդրակյանի կարծիքով, իշխանական բուրգը կարող է չփլուզվել, բայց այլափոխումներն անխուսափելի են։

«Այո՛, բուրգը այլափոխվում է, և ինչքան գործող անձինք այդ բուրգից հեռանան, այնքան մաքուր կլինի դաշտը, և ընդդիմության համար ավելի հասկանալի ու հեշտ է աշխատել», - ասաց Սեդրակյանը։

Ստեփան Սաֆարյանը հավելեց, որ Ազատության հրապարակի լռությունը երկար չի տևի, քանի դեռ դժգոհ մարդիկ գնալով ավելանում են. - «Իշխանությունն ընդամենը ճակատամարտ է հետաձգել ժամանակի մեջ և ոչ ավելին։ Ուզի թե չուզի, այդ հրապարակը լցվելու է, որովհետև կյանքը գնալով ոչ թե լավանում, այլ վատանում է, դժգոհողներն ավելի են շատանում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG