Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ից արտահոսքը շարունակվում է, կուսակցությունը նոր գրասենյակ է փնտրում


ԲՀԿ-ից արտահոսքը շարունակվում է, կուսակցությունը նոր գրասենյակ է փնտրում
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00

«Բարգավաճ Հայաստանը» կենտրոնական գրասենյակ է փնտրում,«Ազատությանը» տեղեկացրեց կուսակցության մամուլի նոր խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանը։

Նախկին գրասենյակը տեղակայված էր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի կոնյակի, գինու, օղու կոմբինատի տարածքում։

«Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ». Ծառուկյանի այս հայտարարությունից ժամեր անց գրասենյակը տեղափոխվում է։

«Դա, բնական է, պետք է լիներ։ Այս պահին տեղափոխման գործընթաց է տեղի ունենում, ես տեղեկատվության չեմ տիրապետում՝ կոնկրետ որտեղ, հիմա ինչքան գիտեմ նոր տարածքի խնդիր է դրված»,- ասաց Վահան Բաբայանը։

ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններ են տարածել ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանն ու Բազմասեր Առաքելյանը: ԲՀԿ-ի նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր լրագրողներին համագործակցության համար։ «Իսկ կուսակցությունից դուրս է եկե՞լ, թե՝ ոչ» հարցին, Բաբայանը պատասխանեց, թե Ուրիխանյանից հեռացման դիմում չեն ստացել։

Կուսակցությունում իր անդամակցությունը կասեցնելու դիմում է ներկայացրել Օլիմպիական կոմիտեում Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նա նաև կուսակցության քաղխորհրդի անդամ էր։ Տոնոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ մտադիր է մնալ Ծառուկյանի խոսնակը։

ԲՀԿ-ից հեռանալու դիմումներ են ներկայացրել Նոր Հաճընի և Բյուրեղավանի քաղաքապետերը՝ Գագիկ Մաթևոսյանը և Հակոբ Բալասյանը։ Բացատրությունը ԲՀԿ-ի վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն և կուսակցության վերակազմավորումն է։ Վերջիններս, սակայն, չեն հրաժարվում Նոր Հաճընի և Բյուրեղավանի քաղաքապետի պաշտոններից, ինչպես պատգամավորներն իրենց մանդատներից։

ԲՀԿ-ից հեռացողների շարքերում է նաև Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը։ ԲՀԿ-ն, Բաբայանի հավաստմամբ, չի քննադատում նախկին կուսակիցներին։

«Այս պահին պատգամավորներից մենք դիմումներ չունենք, եթե կլինեն, կտեղեկացնենք։ Ինչ վերաբերում է քաղաքապետերին, գյուղապետերին կամ շարքային անդամներին, դա բնական պրոցես է, երեկ տեղի ունեցավ մի իրադարձություն, որից հետո հստակորեն պետք է տարանջատել այն մարդկանց, ովքեր չեն ուզում լինել ընդդիմությունում, կամ գուցե չեն ընդունում այն կուրսը, որը մենք ենք հռչակում։ Մարդիկ կային, որ պարոն Ծառուկյանի հետ որոշեցին իրենք էլ չզբաղվել քաղաքականությամբ։ Ես հարգանքով եմ մոտենում բոլորի դիրքորոշումներին»,- փոխանցեց կուսակցության նոր մամուլի խոսնակը։

Հանրապետական Հովհաննես Սահակյանին ԲՀԿ-ից արտահոսքը չի զարմացնում.- «Իշխանական քաղաքական թիմերը ապահովագրված չեն միայն գաղափարական կամ քաղաքական լուրջ նպատակներով տոգորված անդամներով, կան այլ նպատակներով այնտեղ գտնվող մարդիկ, որը նորմալ է»։

Գագիկ Ծառուկյանի հեռացման պատճառների մասին խոսելիս Հանրապետականը հղում է անում ԲՀԿ նախկին լիդերի երեկվա ելույթին՝ «նրա անձնական որոշումն էր»։ Հովհաննես Սահակյանի համար, սակայն, հաճելի է, որ այժմ ԲՀԿ-ն կին է ղեկավարելու։

«Իր այս որոշումը պետք է դիտարկել որպես անձնական որոշում և ոչ մի բան դրա տակ չփնտրել։ Մեր երկրում յուրաքանչյուր ոք իրավունք ունի որոշում կայացնելու իր ապագայի վերաբերյալ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

Սահակյանը արտահերթ լուծումներ մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները չի կանխատեսում.- «Ես չեմ տեսնում այդ իշխանափոխության որևիցե մի նշույլ»։

Խորհրդարանում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց՝ այն, ինչ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած ԲՀԿ-ի հետ, ահաբեկչական արշավանք էր։

«Երկրի գործող ղեկավարը ցույց տվեց, որ սովորական բռնապետ և ինքն է որոշում, թե ով պետք է զբաղվի քաղաքականությամբ, ով չպետք է զբաղվի»,- ասաց Զուրաբյանը։

Ընդդիմադիր ԲՀԿ-ն դեռ չի շտապում խոսում այլ կուսակցությունների հետ համագործակցությունից։ Մեր ներսի հարցերը լուծենք, ինվենտարիզացիա անցկացնենք, հետո կանդրադառնանք դրան, ասաց Վահան Բաբայանը.- «Երբ կավարտվի այս քննարկումների, վերլուծությունների փուլը, երբ կհասկանանք, թե ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունում ովքեր են մնում, ինչ թիմ է ձևավորվում, այն ժամանակ կնախանշենք մեր քայլերը, կհասկանանք՝ ովքեր են մեր գործընկերները, ովքեր՝ ոչ։ ԲՀԿ-ն հռչակվել է ընդդիմություն, սա արդեն իսկ մեծ նորություն է բոլորի համար, որովհետև մինչ այդ մարդկանց մոտ միշտ հարցականներ էին մնում։ Այս պահին նման հարց չկա»։

Լևոն Զուրաբյանն օրերս ասել էր՝ ՀԱԿ-ԲՀԿ հետագա համագործակցությունը կախված է հենց ԲՀԿ-ից։ Այսօր Զուրաբյանը նկատեց.- «Համագործակցության դաշտը շատ մեծ է։ Ռեժիմը իր երրորդ ժամկետի արգելքը հաղթահարելու համար, այսինքն Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրման համար նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ։ Հայաստանի բոլոր առողջ ուժերը միավորվել են բռնապետության վերարտադրման ծրագրի դեմ, և բնականաբար, սա մի դաշտ է, որտեղ մենք կարող ենք համագործակցել։ ԱԺ-ում նույնպես բազմաթիվ հարցերի շուրջ կարող ենք համագործակցել»։

XS
SM
MD
LG