Մատչելիության հղումներ

Գյումրիի բախումների գործով մոտ 10 մեղադրյալ կա


Գյումրիի բախումների գործով մոտ 10 մեղադրյալ կա
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի տեղեկություններով Գյումրիում հունվարի 15-ի բախումների արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում 32-38 հոգի ստացել է կասկածյալի կարգավիճակ, իսկ մոտ 10 հոգու մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանության, հասարակական կարգ խախտելու հոդվածներով։

«Ճիշտ կլինի, որ ոստիկանությունը գիտակցության գա, անմիջապես այդ գործը կարճի և գտնի այն հանցագործներին, ովքեր հրահրել են այդ սադրանքները: Դա էլ իհարկե չէին անի, երևի կսպասեն, որ ինչ-որ համաներում լինի, այդ գործը ջրեն գնա», -ասաց Լևոն Բարսեղյանը:

Քննչական կոմիտեից «Ազատության» հետ զրույցում հաստատեցին, որ Գյումրիի միջադեպով հարուցված քրեական գործի շրջանակներում մեկ տասնյակին մոտ մեղադրյալ կա՝ խուլիգանության մեղադրանքով: Քննչական կոմիտեից նշեցին, որ նախաքննությունը շարունակվում է, ձեռք բերված ապացույցների համակցությամբ նախաքննության ավարտին կտրվի քրեաիրավական գնահատական: Սա ենթադրում է գործի լուծման 3 տարբերակ․ կամ գործը գնում է դատարան, կամ դադարեցվում է հետապնդումը, կամ կարճվում է: Բարսեղյանի կարծիքով, բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ հետապնդումները մեկ նպատակ են հետապնդում:

«Առայժմ այս ամբողջը նման է ցուցարարներից, գյումրեցիներից, Շիրակի մարզի ժողովրդից պատանդ վերցնելու գործընթացի: Այսինքն, ինչքան մարդու են վերցնում այսպիսով պատանդ․․․Դե վախեցնում են, ահաբեկում են, մեկը նրանցից, օրինակ, տոմս էր առել, պիտի գնար Ռուսաստան, հիմա տոմսը ստիպված հետ է տալիս: Նստած է քաղաքում, գործ չունի և այլն: Որպեսզի ցույցերին ավելի քիչ մարդիկ մասնակցեն, սա է նրանց նպատակը, նորություն չէ», - «Ազատության»-ը փոխանցեց Բարսեղյանը:

Քննչական կոմիտեից պատասխանել էին նաև Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովից փորձանմուշներ վերցնելու հարցմանը: Կրակոցին բնորոշ վառոդի, մրի արգասիքներ հայտնաբերելու նպատակով Վալերի Պերմյակովի մարմնից և հագուստից փորձանմուշներ չեն վերցվել, քանի որ Հայաստանի իրավապահ մարմինները վերջինիս հետ քննչական գործողություններ կատարելու հնարավորություն են ունեցել դեպքից 9 օր անց միայն: Փոխարենը, վերցվել են այլ փորձանմուշներ, որոնց թվում նաև մազի և դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, նշանակվել են համեմատական, այդ թվում՝ դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ։

Ավետիսյանների ընտանիքի հարազատները, ովքեր գլխավոր դատախազից պահանջում էին հստակ իրենց հարցերին պատասխանել, մի քանի օր սպասելով ու որևէ արձագանք չունենալով ասացին:

«Դատախազը ոչինչ չի անում, ինքը պիտի հրաժարական տա, եթե ինքը թասիբով մարդ է, որովհետև անտարբեր է էս ամեն ինչի նկատմամբ: Մինչ այժմ, որ ոչ մի գործողություն չի կատարել․․․ Ինքը պարտավոր էր գնար Պերմյակովին վերցներ, բերեր, ուրեմն իրան էլ ուրիշ մարդ պետք է վերևից ասի: Էդ վերջի մարդուն էլ ռուսը պետք է հրաման տա ուրեմն: Եթե իրանք անզոր են, կամակատարներ են, էլ մենք ի՞նչ կարանք ասենք»:

Հարազատներին կորցրած մարդիկ, ովքեր ավելի վաղ սպառնում էին բողոքի ակցիաներ իրականացնել, այս պահին ձեռնպահ են մնում կտրուկ քայլերից, քանի որ մտահոգված են բողոքի ակցիաների այն մասնակիցների ճակատագրով, որոնց նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել:

«Մենք վախենալու ոչինչ չունենք։ Ինչի՞ համար են էն էրեխին [Անուշավան Հարությունյանին] բռնել... եթե մենք օրենք ունենք, քաղաքագլուխ ունենք, քննչականի պետ ունենք, էդ էրեխեն ցույց էր արել մեզ համար, մեզ ունեն բան ասելու, էդ էրեխուն որպես ի՞նչ եք բռնել։ Սա էն դեպքը չէ, որ ծածկադմփոց անեն, թե ինչու ես ելել ցույցի... շատ լավ է արել, պետք է եղել, արել է, բայց էդ էրեխեն ինչի համար պիտի տուժի, ինչի չեն թողել թռչել, պիտի իրեն հատուցեն ու տոմսի փողը հետ տան»,- ասաց հարազատներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG