Մատչելիության հղումներ

Փոխհրաձգություն «Նուբարաշեն» ՔԿՀ մերձակայքում. կա երեք զոհ


Փոխհրաձգություն «Նուբարաշեն» ՔԿՀ մերձակայքում. կա երեք զոհ
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մերձակայքում՝ մուտքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա այսօր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել՝ Դրաստամատ Թադևոսյանը, Լևոն Ղազարյանը և Մեսրոպ Նազարյանը: Սպանության վայրում Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե որքանով են հավաստի տարածված լուրերը, որ երեք սպանվածներն էլ հայտնի քրեական հեղինակություններ էին, ոստիկանապետը միայն հաստատեց, որ երեքն էլ նախկինում դատված են եղել:

Կայի՞ն արդյոք տարածքը հսկող տեսախցիկներ, թե՞ ոչ, ինչպե՞ս էին սպանվածները հասել քրեակատարողական հիմնարկի տարածք․այս և այլ հարցերին Կարապետյանը հրաժարվեց պատասխանել:

«Բոլոր վարկածները ուսումնասիրվում են, ոչ մի տեսախցիկից ոչ մի ինֆորմացիա չեմ կարող ձեզ տրամադրել, տեսախցիկ չկա տարածքում», - ասաց Երևանի ոստիկանապետը:

Մինչդեռ տեղում աշխատող Քննչական կոմիտեի ներկայացուցիչն ասաց, որ առգրավվել են տեսախցիկները: Ավելի ուշ մամուլում տարածվեցին լուրեր, թե կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում կրակ են բացել դիմակավորված 3 անձինք ու դիմել փախուստի: Շենքի բնակիչներից մեկը տեսել է նրանց: Ասում է՝ վազքով հեռացել են սպանության վայրից:

«Իմ մեքենայի մոտ կանգնած էի, իրանք եկան անցան, երեք հոգով, դիմակներով, իրանց հետևից ոչ մի մեքենա չկար գնացող: Երևի մինչև 35 տարեկան էին: Մի կրակոց լսել եմ», - պատմեց ականատեսը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ սպանությունը կալանավայրի տարածքում չի եղել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, տարակուսում է․ ինչպե՞ս են զինված անձինք օրը ցերեկով անարգել մոտեցելկալանավայրին, կրակոցներ արձակել, իսկ կալանավայրի անվտանգության աշխատակիցները չեն արձագանքել: Այսպիսի դեպքերն, ըստ իրավապաշտպանի, ոստիկանության թողտվության արդյունք են:

«Մենք բոլորս՝ Հայաստանում ապրողները, գիտենք, որ այսպիսի դեպքերը չեն բացահայտվում, և դա է պատճառը, որ ոստիկանությունը կողքից է նայում այս դեպքերին: Այսպիսի դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանում այդպես օդում կախված է այդ անպատժելիության մթնոլորտը և ցանկացած պահի մենք այսպիսի ականատես ենք լինելու», - ասաց իրավապաշտպանը:

Կրակոցներ արձակողները դեպքի վայրում էին թողել ինքնաձիգ ու ատրճանակ: Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ օրենսգրքի 104 և 235 հոդվածների հատկանիշներով՝ սպանություն և ապօրինի զենք կրելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG