Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոնյակի արտադրությունը կրճատվել է 31․9 տոկոսով՝ հասնելով 610 հազար լիտրի: Լիտրերով հաշված՝ ավելի քան 183 հազար լիտր կոնյակ քիչ է արտադրվել:
Հաղորդելով այս մասին՝ ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, նշում են, որ ըստ փորձագետների՝ կոնյակի արտադրությունը կտրուկ կրճատվել է ռուսական ռուբլու անկման պատճառով, քանի որ հայկական կոնյակի հիմնական շուկան Ռուսաստանն է ու ԱՊՀ-ի երկրները: Առաքման հիմնական ծավալներն ընկնում են տարեվերջի վրա, սակայն նույնիսկ շուկայի թույլ ակտիվության պայմաններում հունվար ամսվա համար նման անկումը աննախադեպ է:
Հայաստանում շամպայնի արտադրությունը կրճատվել է 66․5 տոկոսով, օղու, լիկյորների արտադրությունը կրճատվել է 5 տոկոսով, իսկ գարեջրինը՝ 20 տոկոսով:
Վիճակագրական ծառայության տվյալներով՝ աճ է գրանցվել միայն գինու արտադրությունում․ այստեղ աճը կազմել է 4․7 տոկոս՝ հասնելով 378․6 հազար լիտրի:
Բացի այդ, Հայաստանում վիսկի է արտադրվել: Նման տվյալ վիճակագրական ծառայությունը առաջին անգամ է հրապարակում: 2015 թվականի հունվարին Հայաստանում 52․1 հազար լիտր վիսկի է արտադրվել:
Վիսկիի արտադրությամբ զբաղվում է «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունից «Ինտերֆաքս»-ին ասել են, որ վիսկիի արտադրության նպատակով անցյալ տարի նոր արտադրամաս են բացել, բայց խմիչքը դեռևս իր բրենդը չունի: Փորձնական խմբաքանակ է արտադրվել, որը արտահանվել է Իրաք:
«Ինտերֆաքս»-ը նշում է, որ «Ալեքս Գրիգ» ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 2007-ի դեկտեմբերին, ալկոհոլային խմիչքների ու սննդամթերքի խոշոր ներկրող է, բացի այդ՝ զբաղվում է օղու արտադրությամբ ու մի քանի անգամ տուգանվել է ռուսական և ուկրաինական բրենդները կեղծելու համար: