Մատչելիության հղումներ

Մոսկվայում սպանել են Բորիս Նեմցովին

Մոսկվայում սպանել են Բորիս Նեմցովին, 27 -ը փետրվարի, 2015թ.
Մոսկվայում սպանել են Բորիս Նեմցովին, 27 -ը փետրվարի, 2015թ.

Նախագահ Պուտինը դա անվանել է «սադրանք»։

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ուրբաթ գիշերը Մոսկվայի կենտրոնում սպանել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին։

Հաղորդվում է, որ գրոհն իրականացրել է մեկ մարդ, ով դուրս է եկել սպիտակ մեքենայից և թիկունքից չորսից֊յոթ գնդակ է արձակել Նեմցովի վրա այն պահին, երբ ընդդիմադիր գործիչը մի երիտասարդ կնոջ ընկերակցությամբ անցնում էր Բոլշոյ Զամոսկվորեցկի կամրջով։

Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ի սահմաններում։

Հաղորդվում է, որ գրոհի ժամանակ Նեմցովին ուղեկցող երիտասարդ կինը Մոսկվա է ժամանել Ուկրաինայից։

Նեմցովի քաղաքական զինակից, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը ասել է, որ ցնցված է այդ ողբերգական լուրից։

Բորիս Նեմցովը վերջին ամիսների ընթացքում անխնա քննադատել է Ուկրաինայի հարցում նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը։

Նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Դաշնության ղեկավարին անմիջապես տեղեկացրել են դեպքի մասին։

«Նախագահը խստորեն դատապարտել է դաժան սպանությունը, այն անվանել պատվիրված հանցագործություն, որը սադրանքի նշաններ ունի», - հայտնել է Պեսկովը, ավելացնելով, որ Պուտինը ցավակցություն է հայտնել Նեմցովի ազգականներին և բարեկամներին։

Նեմցովը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 9-ին Սոչիում։ Նեմցովը Բորիս Ելցինի նախագահության օրոք զբաղեցրել է Նիժնի Նովգորոդի շրջանի նահանգապետի պաշտոնը, ապա տեղափոխվել է մայրաքաղաք և աշխատել որպես վառելիքի ու էներգետիկայի նախարար, իսկ ավելի ուշ նշանակվել է փոխվարչապետ։

1999-2003 թվականներին Բորիս Նեմցովը եղել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր։

Նեմցովը երկու տարի առաջ ընտրվել է Յարոսլավլի շրջանի տեղական դումայի պատգամավոր։

Նա «Համերաշխություն» կուսակցության հիմնադիրներից էր, «ՊԱՌՆԱՍ» կուսակցության համանախագահը։ Բացի այդ Նեմցովը Ռուսաստանի ընդդիմության համակարգող խորհրդի անդամ էր։

Ռոսւսաստանցի, ինչպես նաև օտարերկրացի տասնյակ քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ դատապարտել են սպանությունը և հույս հայտնել, որ իրավապահները կբացահայտեն հանցագործին։

Նեմցովի ընտանիքի փաստաբանն ասել է, որ վերջին ամիսների ընթացքում ընդդիմադիր գործչին մի քանի անգամ սպառնացել են սպանել։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG