Աբաշիձե-Կարասին ձևաչափով ընթացող վրաց-ռուսական դիվանագիտական խորհրդակցությունների հերթական փուլը, որ կայացավ հինգշաբթի Չեխիայի մայրաքաղաքում, այդպես էլ չտվեց տարածաշրջանում առավել հաճախ հնչող հարցերից մեկի պատասխանը՝ արդյո՞ք կողմերը պատրաստ են վերագործարկել աբխազական երկաթուղին:
Դեռ մինչև բանակցությունների մեկնարկը Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը վրացական հեռուստաընկերությունների լրագրողներին ասում էր.- «Երկաթուղու վերաբացման հարցին մենք մանրամասնորեն չենք անդրադառնում, քանի որ կարծում ենք, որ այս հարցը պետք է քննարկել աբխազական կողմի հետ»։
Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի խոսքով էլ՝ հենց ռուսական կողմի այդ մոտեցումն է, որ փակուղի է մտցրել աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ բոլոր բանակցությունները:
«Աբխազական երկաթուղու պահով որևէ նորություն չկա նախևառաջ ռուսական կողմի նախկինում արտահայտած սկզբունքային դիրքորոշման պատճառով: Ռուսաստանը մեզ հստակորեն հասկացնում է, որ եթե մենք ցանկանում ենք վերագործարկել երկաթուղու աբխազական հատվածը, ապա պետք է դիմենք աբխազական կողմին և բանակցություններ սկսենք նրանց հետ: Թբիլիսիի դիրքորոշումը, սակայն, ևս հստակ է` մեր համոզմամբ սա երկաթուղի է, որն իրար է կապում Վրաստանն ու Ռուսաստանը, և դրա վերագործարկման համար մենք չենք պատրաստվում աբխազների հետ քննարկումներ ծավալել»,- ասում էր Աբաշիձեն:
Երեկ Բրյուսել կատարած այցի շրջանակներում աբխազական երկաթուղու վերաբացման հնարավորությունների մասին խոսեց նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Թամար Բերուչաշվիլին.- «Սա շատ բարդ խնդիր է՝ կապված բազմաթիվ նախադրյալների հետ: Այս փուլում աբխազական երկաթուղու վերագործարկման խնդիրը Վրաստանի կառավարությունը չի էլ քննարկում»,- ասում էր նա։
Աբխազական երկաթուղու վերագործարկման շուրջ խոսակցությունները ակտիվացան Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» դաշինքի՝ իշխանության գալուց անմիջապես հետո: Երկաթուղու վերագործարկման և Աբխազիան մեկուսացումից դուրս բերելու անհրաժեշտության մասին առաջինը հայտարարեց Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:
Ուղիղ երկու տարի առաջ էլ` 2013-ի հունվարին, Երևան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Բիձինա Իվանիշվիլին «Ազատությանը» տված հարցազրույցում ասում էր.-«Մեր կողմից երկաթուղին վերագործարկելու լիարժեք պատրաստակամությունն առկա է: Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում այդ հարցին, կան դրական ազդանշաններ մեր եղբայր աբխազների կողմից: Սա համալիր խնդիր է: Ուստի մենք մեր կողմից հայտարարում ենք, որ պատրաստ ենք աբխազական երկաթուղու վերագործարկմանը, և դրական ենք նայում այդ հարցին: Հայաստանն իր կողմից հետաքրքրված է, պետք է Ռուսաստանն իր կողմից հետաքրքրություն ցուցաբերի, աբխազները ևս պետք է հայտարարեն իրենց պատրաստակամության մասին: Կարծում եմ, որ այդ հարցը շուտով կլուծվի»։
Վրաստանի վարչապետի այցից հետո ավելի քան մեկ տարի աբխազական երկաթուղու թեման սառեցված վիճակում էր: Թեման կրկին անգամ ակտիվացավ անցած տարվա աշնանը` Աբխազիայում կայացած նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Նախ Հայաստանի կապի և տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց.- «Երկաթուղու վերաբացման հարցում դրական ազդակներ կան: Այս խնդրի շուրջ քննարկումները վերջին շրջանում ակտիվացել են»:
Հայ պաշտոնյայի հայտարարություններից մի քանի օր անց էլ Աբխազիայի նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբան «Կավկազսկի ուզել»-ին տված հարցազրույցում ասաց.- «Երկաթուղու վերագործարկումն, ըստ իս, հետաքրքիր է թե՛ Աբխազիայի, թե՛ Ռուսաստանի և թե՛ Հայաստանի համար: Թե որքանով է Վրաստանը պատրաստ այդ նախագծի իրագործմանը, դժվարանում եմ ասել: Բայց ավելի քան վստահ եմ, որ Վրաստանի արևմտյան հովանավորները գոնե այս փուլում հազիվ թե կողմ լինեն երկաթգծի վերաբացմանը: Համոզված եմ, որ դա կապված է նախևառաջ տարածաշրջանում ծավալված աշխարհաքաղաքական գործընթացների հետ»։