Սեփական պատմության գիտակցումը բարդ, բայց անհրաժեշտ գործընթաց է, որը մի օր տեղի է ունենալու նաև Թուրքիայում, կարծում են ամերիկյան փորձագետները:
Թուրքիայի կառավարության կողմից Գալիպոլիի ճակատամարտի օրը ապրիլի 24-ին նշելու որոշումն անհաջող միտք էր, որն այժմ քննադատության է արժանանում թե՛ արտերկրում և թե՛ Թուրքիայում, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Բրուքինգս հաստատության ավագ փորձագետ Քեմալ Քիրիսչին: Նա շեշտում է, որ ապրիլի 24-ը ավանդաբար եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, մինչդեռ Գալիպոլիի ճակատամարտի օրը միշտ նշվել է մարտին, երբ ֆրանսիացի և բրիտանացի ծովակալները փորձել են գրոհել Դարդանելից:
«Այս տարի ներքաղաքական խնդիրներից և Երևանում լայն իրադարձությունների սպասումներից անհանգստացած՝ Թուրքիայի կառավարությունում ինչ-որ մեկը հանդես եկավ նման չմտածված նախաձեռնությամբ, որը չափազանց բարդ է հիմնավորել», - ասում է Քիրիսչին:
Փորձագետի խոսքով, Գալիպոլիի ճակատամարտի օրը տեղափոխելու Թուրքիայի կառավարության որոշումը ոչ միայն բացասաբար անդրադարձավ հայ - թուրքական հարաբերությունների վրա միջազգային մակարդակով, այլև չափազանց բարդացրեց ներքաղաքական իրավիճակը հենց Հայաստանում:
«Այս որոշմամբ թուլացան հայ - թուրքական հարաբերությունների հաստատման կողմնակից ուժերի դիրքերը», - նշում է Քեմալ Քիրիսչին:
Թուրքիայի այս որոշումը քննադատության էր արժանացել նաև Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունների կողմից, որոնք այն դիտարկում են հայկական ցեղասպանության հիշատակի միջոցառումներից ուշադրությունը շեղելու Անկարայի փորձ:
«Հստակ է, որ իրենք դիտմամբ են դա անում, որովհետև ուրիշ ճար չունեն», - կարծում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը:
Նա հիշեցնում է, որ ցեղասպանության տարիներին, 1915-ից ի վեր, ամերիկյան ժողովուրդը խոշոր նվիրատվություններ է փոխանցել հայերին, և հավելում՝ այժմ ժամանակն է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նույնպես օգտագործի ցեղասպանություն բառը:
«Սա ճիշտ առիթ է նախագահի համար, որպեսզի այս տարի՝ 100-ամյակին, ներկայացնի Հայոց ցեղասպանության հարցը որպես ցեղասպանություն», - ասում է Չուլջյանը:
Փորձագետների կարծիքով, սակայն, անհրաժեշտ է թուրք հասարակությանը թույլ տալ ինքնուրույն հասնել սեփական անցյալի գիտակցմանը: Քեմալ Քիրիսչիի խոսքով, Բարաք Օբամայի մոտեցումը, որը փաստացի ճանաչել է Հայոց ցեղասպանությունն առանց ցեղասպանություն բառն օգտագործելու, մոտ է Թուրքիայի երևելի հայազգի մտավորական Հրանտ Դինքի դիրքորոշմանը:
«Նա կողմնակից էր, որ թուրքերն իրենք իրենց մեջ քննարկեն այս հարցն ու ինքնուրույն բացահայտեն սեփական պատմությունը և ինքնությունը», - ասում է Քիրիսչին:
Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի փորձագետ Փոլ Գոբլը կոչ է անում կենտրոնանալ ոչ թե բառերի, այլ այն անժխտելի փաստի վրա, որ սպանվել է մեկուկես միլիոն հայ:
«Անհրաժեշտ է խոսել այս սարսափելի փաստի մասին, 1,5 միլիոն մարդկանց մասին, ովքեր սպանվել են անմարդկային պայմաններում», - նշում է Փոլ Գոբլը:
Ինչպես ընդգծում են փորձագետները, Թուրքիայում տեղի ունեցող փոփոխությունները հույս են ներշնչում, որ մոտ ապագայում թուրք հասարակությունն ի վիճակի կլինի ինքնուրույն գիտակցել սեփական անցյալի սխալները: