Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան․ Ընդդիմադիր դաշտում ակնառու են համախմբման հստակ նշաններ


Հայաստանի երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը՝ 2rd.am-ը, հարցազրույց է հրապարակել նախկին նախագահի հետ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը, մեկնաբանելով վերջին օրերի ներքաղաքական զարգացումները, կարծիք է հայտնել, որ իշխանությունները դեռ կարող են «կանգ առնել» և «վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն»:

«Չեմ կարող բացատրել, թե ինչի համար էր դա պետք նախագահին: Եթե հաշվարկն այն էր, թե Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրելով ԲՀԿ-ն կկազմալուծվի, ապա համապատասխան էֆֆեկտը չստացվեց: Ընդհակառակը. ընդդիմադիր դաշտում ակնառու են համախմբման հստակ նշաններ՝ բառապաշարի և նպատակների կտրուկ ռադիկալացմամբ», - նշել է նա՝ «անհամոզիչ» որակելով Սերժ Սարգսյանի աղմկահարույց ելույթում հնչեցված փաստարկները:

«Ցանկացած գործողություն ԲՀԿ ղեկավարի դեմ բոլորի կողմից հիմա կգնահատվի որպես քաղաքական հետապնդում, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից: Իսկ հաշվի առնելով երկրում սոցիալական լարվածության և դժգոհության աստիճանը, ինչպես նաև ԲՀԿ-ի և նրա ղեկավարի լայն ժողովրդականությունը՝ որքան ավելի եռանդուն իշխանությունը փորձի «մաքրել» քաղաքական դաշտը, այնքան ավելի ուժեղ է լինելու համախմբումն իշխանության դեմ և այնքան ավելի իրական կլինի քաղաքական ցնցումների հեռանկարը: Դժվար չէ կանխատեսել, թե ինչպես այս ամենը կանդրադառնա տնտեսության, Ղարաբաղում շփման գծի իրավիճակի և Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վրա», - նշել է Քոչարյանը:

Պատասխանելով կայքի հարցին՝ արդյո՞ք իշխանությունները ելք ունեն այս իրավիճակից, պաշտոնաթող նախագահն ասել է․ - «Կարծում եմ՝ դեռևս ունեն: Կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն»:

Քոչարյանը կարծիք է հայտնել, որ իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները «չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում» և «ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են»:

«Մեր երկիրը առանց այդ էլ գերծանրաբեռնված է լրջագույն խնդիրներով և դրանց լուծումը հնարավոր է միայն հասարակության առավելագույնս լայն համախմբման, երկրի ապագայի հանդեպ մարդկանց հավատի վերականգնման հիման վրա: Տեղի ունեցածը, ցավոք, հակառակ ուղղությամբ ուժեղ ազդակ դարձավ», - եզրակացրել է Ռոբերտ Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG