ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր իր Ֆեյսբուքյան էջում առաջարկել է արտահերթ նիստ հրավիրել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու հարցով: «Որոշման պատրաստի նախագիծը կա, իսկ 44 պատգամավորի ստորագրություն կա՞», - հարց է բարձրացնում Փաշինյանը հավելելով, որ երաշխավորում է իր ստորագրությունը:
Դեռ 2014 տարեվերջին Փաշինյանի հեղինակած որոշման նախագիծը ընդգրկվել է փետրվարի 20-ի պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստի օրակարգում: Դրական եզրակացություն չստանալու դեպքում անգամ նախագիծը, միևնույն է, մտնելու է փետրվարի 23-ին մեկնարկելիք Ազգային Ժողովի քառօրյա նիստերի օրակարգի նախագիծ, և 131 պատգամավորները պետք է քվեարկությամբ որոշեն՝ ընդգրկե՞լ այն քառօրյայի օրակարգ և քննարկե՞լ, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ դեռ անցած տարի Փաշինյանը ԱԺ քարտուղարությունից ձևաթուղթ էր վերցրել և մտադիր էր այդ հարցն արտահերթ կարգով ԱԺ-ում քննարկման մտցնել: Ձևաթղթի տակ, սակայն, Փաշինյանից բացի ստորագրել էին Ալեքսանդր Արզումանյանն ու Զարուհի Փոստանջյանը
Այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դեռ կքննարկի Փաշինյանի կոչին միանալու հարցը: Օրվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Հայ ազգային կոնգրես կուսակցության որևէ անդամի հետ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ հորդորեց սպասել ԲՀԿ-ի հայտարարությանը: