Միջազգային պահուստների կրճատումը Arrow Global ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանը պայմանավորում է անցած տարեվերջին արտաքին պարտքի սպասարկման համար որոշ վարկերի մարումով, ինչն իր հերթին արտարժույթի մեծ պահանջարկ է առաջացրել։
«Հիմա երկարաժամկետ պետք է մտածել ոնց կարելի է արտարժույթի ներհոսքը դեպի Հայաստան լայնացնել: Դա է կարևորը: Արտարժույթով վարկերով մինչև որոշ սահման կարող ես հասնել, բայց ուրիշ ներհոսքը դա արտահանումն է, որ դու ստրուկտուրային բարեփոխում անես, որ կարողանաս արտահանումը զարգացնել, որ այդ խնդիրները այդ պահուստների հետ չունենաս: Ու ես կասեի, որ մեր պահուստները այսօր բավականին ցածր են: Սովորաբար առնվազն երեք ամսվա ներկրում դու պետք է կարողանաս քո պահուստներով ֆինանսավորել՝ եթե ինչ-որ խնդիրներ լինեն», - նշեց Ավետյանը՝ մտահոգություն հայտնելով, որ այսօր Հայաստանի միջազգային պահուստների ծավալը մոտենում է առնվազն երեք ամսվա ներկրման ապահովման ռիսկային շեմին:
«Կարծում եմ, շատ ավելի զգույշ պետք է լինել պահուստների հանդեպ», - շարունակեց նա: - «Ավելի լավ է մեր դրամը արժեզրկվի, բայց պահուստները պահպանվեն, քան պահուստները վաճառել, որ պահել դրամը: Քանի որ, մանավանդ մեր տարածաշրջանում, որտեղ տարբեր տիպի ռիսկեր կան, դու չգիտես վաղը չէ մյուս օրը այդ պահուստներով դու պետք է այս կամ այն ապրանքը կարողանաս ֆինանսավորել: Եթե ինչ-որ խնդիր լինի, դրսից վարկ վերցնելը շատ ավելի դժվար կլինի: Ու եթե պահուստները չեն հերիքի, խնդիրները ավելի մեծ կարող են լինել»:
Տնտեսագետի կարծիքով, «Ֆիթչ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի ազգային արժույթով և արտարժույթով թողարկվող պետական պարտատոմսերի վարկանիշերի իջեցումից հետո արտերկրից ներգրավվող վարկերն ավելի բարձր տոկոսադրույքներ կունենան, երկրիրն էլ ավելի ռիսկային կդիտվի արտասահմանյան ներդրողների համար:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը, մինչդեռ, ստեղծված իրավիճակը ռիսկային չի համարում․ - «Մենք ՀՆԱ-ի երեսուն տոկոսը՝ որպես արտաքին պարտք,գիծը անցանք: Այսինքն նվազից մոտեցանք միջինին: Իսկ վաթսուն տոկոսը համարվում է ամենառիսկայինը: Մենք այդտեղ չենք՝ քառասուն քանի տոկոս է մեր մոտ: Այդ ցուցանիշով մենք դեռ կարող ենք արտաքին պարտք վերցնել: Երբեմն մարդիկ վախենում են, թե այդքան մեծ պարտք՝ չորս միլիարդ դոլար, ինչպես ենք մարելու: Ինքը բաշխված է տարիների մեջ․ մինչև 2050 թվականը պիտի մարենք: Եթե բաժանում ես տարիների, հասկանում ես, որ հնարավոր է մարել»:
Այլ հարց է, ըստ Խուրշուդյանի, թե արտաքին պարտքը որքանով է նպաստում տնտեսական աճին․ - «Թեպետ մեր ռեյտինգը իջեցրին, դա նշանակում է, որ ուղղակի մի քիչ թանկ են բերելու վարկերը: Բայց էլի բերելու ենք: Այ, ինչպե՞ս դա օգտագործենք․․․ խոսքը մակրոօգտագործման մասին է, ոչ թե կոնկրետ վարկի ազդեցությունը տնտեսության վրա, այլ՝ ընդհանրապես տնտեսական քաղաքականության: Բնականաբար, այս փոխարժեքի տատանումներն էլ են այդ ցուցանիշների վրա ազդելու»:
Ամեն դեպքում, Հայաստանը, նրա համոզմամբ, պետք է ավելացնի միջազգային պահուստները՝ նաև հաշվի առնելով, որ դրա հետևանքով դրամը կարող է ինչ-որ չափով արժեզրկվել: Սակայն այդ պարագայում ավելի հեշտ կլինի դիմագրավել ցնցումներին: