Մատչելիության հղումներ

Թոմ դը Վաալ. «Ես նույնպես կիրառում եմ Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը»


Հայտնի վերլուծաբանի նոր գիրքը հայերի ու թուրքերի վրա Ցեղասպանության ազդեցության մասին է:

Չնայած Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ջարդերից հետո, որը շատերի համոզմամբ ցեղասպանություն էր, անցել է ուղիղ մեկ դար, այն շարունակում է մնալ կենդանի՝ հայերի հիշողություններում, համախմբում է նրանց ամբողջ աշխարհում, ձևավորում ժամանակակից Թուրքիայի ինքնությունն ու քաղաքականությունը և տարիներ շարունակ գրավում ԱՄՆ-ի քաղաքական գործիչների ուշադրությունը։

Այս ներածականով է Վաշինիգտոնի Քարնեգի հաստատությունն ինտերնետային իր էջում ներկայացնում հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալի նոր գիրքը, որի շնորհանդեսի բացումը կատարեց հաստատության նախագահ Ջեսիկա Մեթյուսը, ով, ի դեպ, Օսմանյան կայսրությունում այդ տարիներին ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի կոռն է։

Մեթյուսն ասաց, որ դը Վաալի «Հայերն ու թուրքերը Ցեղասպանության ստվերում» վերնագրով այս գիրքը ոչ թե պատմական ակնարկ է, այլ պատմում է, թե ինչպես են այդ իրադարձություններն իրենց ազդեցությունը գործում հայերի ու թուրքերի վրա։

«Այդ իրադարձությունները ես նույնպես անվանում եմ Հայոց ցեղասպանություն», - ասաց դը Վաալը՝ նշելով, որ քաղաքական հարթակներում հենց այս եզրն է դառնում ամենալուրջ տարաձայնությունների ու հակասությունների առարկա։

«Ցեղասպանություն»-ը խնդրահարույց բառ է և ընտրված ոչ լավագույն եզրը, սակայն ես կանգնում եմ այն մարդկանց կողքին, ովքեր այն «Հայոց ցեղասպանություն» են անվանում», - ասաց վերլուծաբանը։

Նա հիշեցրեց, որ այս բառը շրջանառության մեջ է մտել Մեծ եղեռնից 3Օ տարի անց, և որ ցեղասպանության մասին Ռաֆայել Լեմկինի գիրքն էլ առաջին անգամ 1944 թվականին հրատարակել է հենց Քարնեգի հիմնադրամը:

Ցեղասպանությունները կանխարգելելու ՄԱԿ-ի կոնվենցիան, նրա խոսքով, չի գոհացրել հայերի զգալի մասին, ովքեր չէին համակերպվում այն մտքին, որ կոնվենցիան միայն ապագա ցեղասպանությունները կանխելու մասին էր։

Դը Վաալը պատմեց 1965 թվականին Երևանում անցկացված ցույցի մասին, անդրադարձավ 197Օ-ականներին հիմնադրված հայկական ահաբեկչական երկու կազմակերպություններին ու կարծիք հայտնեց, որ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականին արտասանած «Հայոց ցեղասպանություն» բառերի կիրառումից մի քանի ամիս անց հրաժարվել է նաև թուրք դիվանագետների դեմ իրականացված ահաբեկչական գործողությունների պատճառով։

Վերլուծաբանը խոսեց նաև 1977 թվականին Թուրքիայի արտգործնախարարի ու հայ քաղաքական գործիչ Պարունակ Թովմասյանի միջև անցկացված գաղտնի հանդիպման, այլ իրադարձությունների մասին:

«Չնայած հայերը լիովին գոհ չէին անցյալ տարի Թուրքիայի վարչապետի արտասանած ցավակցական հայտարարությունից, հարկավոր է կարևորել այն հանգամանքը, որ Թուրքիան առաջին անգամն էր հանդես գալիս նման խոսքերով», - ասաց դը Վաալը՝ հավելելով սակայն, որ ինքն այժմ պակաս լավատես է՝ Թուրքիայում ժողովրդավարության ճանապարհին կատարված հետընթաց շարժման պատճառով։

Պատասխանելով Ադրբեջանի դեսպանության աշխատակիցներից մեկի հարցին՝ վերլուծաբանն ասաց, թե Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանները փակելու հանգամանքը որևէ դեպքում չի բխում որևէ կողմի շահերից, և որ «Հայաստանը մեկուսացնելու յուրաքանչյուր քայլ Հայաստանին ավելի է մղում դեպի Ռուսաստան, ինչը չպիտի բխի, օրինակ, հայ - ադրբեջանական հակամարտությունը լուծելու շահերից»։

Վերադառնալով իր գրքին՝ Թոմ դը Վաալը որպես եզրակացություն ասաց․ - «Ես ինքս կիրառում եմ «Հայոց ցեղասպանություն» բառերը, սակայն կիրառում եմ հավատալով, որ այս բառակապակցությունն իր մեջ կրում է սահմանափակումներ»։

Նա հիշեցրեց այն խոսքերը, որ խնդիրը լուծելու համար 100 տարին շատ քիչ է թուրքերի, սակայն շատ ուշացած՝ հայերի համար։

«Սա է ամբողջ խնդիրը», - եզրափակեց դը Վաալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG