Մատչելիության հղումներ

Դիվերսիոն հարձակում Տավուշի հատվածում. հայկական կողմը կորուստներ չունի


Հայկական բանակի զինծառայողները հսկում են Ադրբեջանի հետ սահմանը, արխիվ
Հայկական բանակի զինծառայողները հսկում են Ադրբեջանի հետ սահմանը, արխիվ

Ըստ Ստեփան Սաֆարյանի, Հայաստանը պարտավոր է խնդիրը դնել Հավաքական անվտանգության պայմանագրի և իր դաշնակից Ռուսաստանի սեղանին։

Հակառակորդն այսօր ժամը 12:00-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ազատության» հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել, Ադրբեջանական կողմը մարդկային կորուստներ ունի, հայկական կողմը, սակայն, ադրբեջանական զոհերի թիվը դեռ թիվ չի հրապարակել։

«Հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվել է և կրակ է բացվել, մարտ է բռնվել, որի արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ է կրել և հետ է շպրտվել, բայց հայկական կողմից կորուստներ և վիրավորներ չկան»

Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ անցած գիշերը հայ - ադրբեջանական սահմանագծում նախորդ օրերի համեմատությամբ հակառակորդի կողմից հրադադարի խախտման պարբերականությունը նվազել է։

«Արձակվել են հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ։ Հակառակորդը հրադադարի ռեժիմն այս գիշեր խախտել է 86 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավել քան 600 կրակոց», - ասված էր Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունը նաև նշել էր, որ հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմել միայն անհրաժեշտության դեպքում՝ պատասխան կրակ բացելով 11 անգամ. հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 178 կրակոց:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ հայկական Զինված ուժերը շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել ամենօրյա ռեժիմով, վստահորեն վերահսկում են իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը:

«Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում», - ասված է հաղորդագրությունում։

Այս տարեսկզբից սահմանագծում լարված իրավիճակի հետևանքով հայկական կողմն արդեն 10 զոհ ունի։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, որքան էլ Ադրբեջանը թաքցնի իր կորուստների մասին տեղեկությունները, Պաշտպանության բանակի տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ, պարզվել է, որ անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական կողմը տվել է 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր։

«Շարքից հանվել է մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մեկ մարդատար ավտոմեքենա», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Փորձագիտական շրջանակներում տեսակետներ են հնչում, որ վաղուց արդեն ժամանակն է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում Հայաստանի դաշնակիցները միջոցներ ձեռնարկեն իրենց գործընկերոջ դեմ Ադրբեջանի հարձակումները կանխելու համար։ Ըստ փորձագետների, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և ՀԱՊԿ-ը, հետևաբար, պարտավորություն ունի ցանկացած արտաքին ագրեսիայի դեպքում պաշտպանելու գործընկերոջ շահերը, սակայն այս դեպքերի առիթով ՀԱՊԿ-ը որևէ հայտարարություն չի արել։

Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, մինչդեռ, կարծում է, որ դեռևս անհրաժեշտություն չկա դիմելու ՀԱՊԿ-ին։

«Հայաստանը ոչ թե դիմում է ՀԱՊԿ-ին ռազմական օգնություն ցույց տալու կամ Ադրբեջանին սանձելու համար, Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, այլ Հայաստանը դիմել է ԵԱՀԿ-ին՝ պահանջելով բոլոր դեպքերի ուսումնասիրություն, եզրակացություն և համապատասխան որոշում Ադրբեջանի դեմ` այն, ինչ պետք է աներ։ Իսկ տվյալ դեպքում դիմել ՀԱՊԿ-ին, ես էլ եմ կարծում, որ պետք չէ, որովհետև Հայաստանն ունի բավարար ուժ և կարողություն։ Իսկ ի՞նչ է, դիվերսիաները, ձեր կարծիքով, եթե դիմեն ՀԱՊԿ-ին, դադարելո՞ւ են, Անվտանգության խորհուրդը քանի՞ որոշում է ընդունել Ուկրաինայի մասին, դադարո՞ւմ են՝ իհարկե չէ, եթե կա քաղաքական նպատակ, իսկ Ադրբեջանում դրված է քաղաքական նպատակ», - ասում է Շիրխանյանը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում մինչդեռ այլ տեսակետ է հնչեցնում՝ պնդելով, որ անկախ Հայաստանի դիմել-չդիմելուց, այդ կառույցը պարտավոր է արձագանքել կատարվածին։

«Ես կարծում եմ, որ մեր դաշնակիցներն այնքան լավ հարաբերություններ ունեն մեր հակառակորդի հետ, որ կարող են նույնիսկ քաղաքական եղանակով կանխել տեղի ունեցողը, և բանը նույնիսկ չի կարող հասնել և չի էլ հասնի ռազմական միջամտությանը, զորք կանգնեցնելուն Տավուշում», - ասում է Սաֆարյանը։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի անգործության հիմնական մեղավորը Հայաստանի իշխանություններն են։

«Հայաստանի սահմանային անվտանգության պաշտպանության մեկ այլ մեխանիզմ էլ ռուսական ռազմաբազան է»,- պնդում է Սաֆարյանը՝ հավելելով՝ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան պարտավոր է ապահովել Հայաստանի անվտանգությունը ոչ միայն հայ-թուրքական հատվածում, այլև ընդհանրապես Հայաստանի սահմանային անվտանգությունը։ Ռուսաստանը, սակայն, ըստ փորձագետի, ո՛չ ՀԱՊԿ-ի շրջանակում, ո՛չ էլ իր ռազմաբազայի մակարդակով դա չի անում։

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, մինչդեռ, հակառակ կարծիքին է։ Չնայած Շիրխանյանը դեռևս Հայաստանի դաշնակիցների օգնության կարիք չի տեսնում հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող լարվածությանը վերջ դնելու համար, այդուհանդերձ, կարծում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան հարկավոր է Հայաստանին։

«Չես կարող, այս երկիրը դեռևս չի կարող, որովհետև դու ունես մի հավերժական թշնամի, որը կողքիդ է, նա ոչ մի տեղ չի գնացել», - ասաց Շիրխանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG