Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման առաջին ամերիկյան նախագահն է, ով կմասնակցի հունվարի 26-ին նշվող Հնդկաստանի օրվա տոնակատարություններին:
«Օբամայի այցը Հնդկաստան երկու երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի կհասցնի», - նշում են Սպիտակ տանը:
Շքերթի վարժանքներ, անվտանգության միջոցներ և անցորդների հետաքրքրասեր հայացքներ՝ Հնդկաստանի մայրաքաղաքը պատրաստվում է հյուրընկալել Բարաք Օբամային:
Հնդկաստանի մայրաքաղաքում ձեռնարկված անվտանգության միջոցներն աննախադեպ են. Նյու Դելիում է տեղակայվել 50 հազար ոստիկան և զինվորական։
Տոնակատարություններին մասնակցելուց բացի, սպասվում է, որ Օբաման հանդես կգա ամերիկա - հնդկական հարաբերությունների ապագային նվիրված ելույթով։
«Մենք շատ ընդհանրություններ ունենք, ու մեզ համար շատ կարևոր է խորացնել և ընդլայնել առկա համագործակցությունն ու բարեկամությունը», - ասել է Օբաման:
Սպիտակ տան ներկայացուցիչները նշում են, թե ԱՄՆ-ի նախագահի մասնակցությունը Հնդկաստանի օրվա տոնակատարություններին կարևոր նշան է ողջ աշխարհին, որ Միացյալ Նահանգները բաց է համագործակցության նոր հնարավորությունների համար: