Ռուսական կողմը սահմանը խախտելու փորձի մեղադրանք չառաջադրեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանդն իրագործելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին, քանի որ այդ դեպքում ստիպված էր լինելու գործը հանձնել հայկական կողմին, կարծում է Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:
«Հենց ռուսական աղբյուրներից էր, հղում անելով ռուս սահմանապահներին, որ նրան ձերբակալել են սահմանը խախտելու փորձի ժամանակ: Հետագայում դա հերքվեց», - «Ազատություն» TV-ի եթերում կիրակի օրը կարծիք հայտնեց Շահնազարյանը, - «Ես շատ պարզ ասեմ՝ ինչու է դա հերքվել․ դա այլ հանցագործություն կլիներ, երրորդ քրեական գործը պետք է հարուցվեր և այս դեպքում, ըստ նույն գործող պայմանագրի, ռուսական սահմանապահները այդ գործի շրջանակներում կարող էին իրականացնել միայն հետաքննություն, այնուհետև նրան պարտավոր էին հանձնել մեզ»:
ԱԱԾ նախկին պետը հիշեցնում է, որ սա առաջին արյունալի դեպքը չէ ռուս զինվորականների մասնակցությամբ Գյումրիում: Պերմյակովին հայ իրավապահներին չհանձնելու դեպքում, Շահնազարյանը վստահեցնում է, որ Ռուսաստանը գործը կոծկելու հերթական փորձն է անելու: Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանի իշխանությունները, ի դեմս գլխավոր դատախազի, պետք է հրատապ դիմեն Ռուսաստանին:
«Այդ դիմումը անհրաժեշտ է առաջին հերթին նրա համար, որպեսզի վաղը-մյուս օրը Ռուսաստանի իշխանությունները չասեն, որ Հայաստանը չի պահանջել պաշտոնապես: Որովհետև առայժմ, մինչև այսօր, չկա, բայց ես կարծում եմ, որ պարոն Կոստանյանը կկատարի իր տված խոստումը», - նշեց նա:
Հիշեցնենք, հունվարի 15-ին Գյումրիում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ վեց հոգու սպանության մեջ կասկածվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին «մեր իրավազորության տակ» տրամադրելու հարցով դիմելու է Ռուսաստանի գլխավոր դատախազին։
«Եթե Ռուսաստանը չհանձնի նրան մեզ, առաջինը՝ կխախտի պայմանագիրը, և երկրորդ՝ մենք կունենանք շատ լուրջ հիմքեր կասկածելու, որ հերթական անգամ Ռուսաստանի քննչական մարմինները փորձում են կոծկել գործը և փորձում են թաքցնել այդ հանգամանքները», - նաև կարծիք հայտնեց ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը: