Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հայերի միությունը Գյումրու դեպքերի մասին․ որոշակի ուժեր բախումներ հրահրեցին


Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, արխիվ
Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյան, արխիվ

Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որում, ցավակցելով սպանված Ավետիսյանների հարազատներին, նշվում է, որ միությունն անհանգստացած է որ այդ «սարսափելի դժբախտությունը և ցավալի իրավիճակն օգտագործելով՝ որոշակի ուժեր, սրելով դրությունը և Գյումրիի բնակիչների զգացմունքների հետ խաղալով, իրավապահ ուժերի հետ բախումներ հրահրեցին, որի հետևանքով կան տուժածներ»:

«Ստեղծված իրավիճակում անթույլատրելի ենք համարում սադրիչ գործողությունները և հայտարարությունները, որոնք ուղղված են քաղաքում հակառուսական տրամադրություններ հրահրելուն, որտեղ ռուս զինվորի ներկայությունը միշտ ողջունվել է բնակչության կողմից՝ ավանդաբար ընկալվելով այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են ընկերությունը, խաղաղությունը և անվտանգությունը», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը նաև շնորհակալություն է հայտնում բոլոր այն ռուսներին՝ ինչպես պետական և հասարակական գործիչներին, այնպես էլ շարքային քաղաքացիներին, ովքեր հայերի համար դժվար օրերին աջակցում են նրանց:

«Մենք հավատում ենք, որ գյումրեցիները, մեր ողջ ժողովրդի օգնությամբ այս անգամ էլ իրենց մեջ ուժ կգտնեն ըմբռնում դրսևորելու և արժանապատվորեն տանելու բոլորիս հետ պատահած այս դժբախտությունը»:

«Կարծում ենք, որ այս իրավիճակում, թե Հայաստանի, թե Ռուսաստանի ղեկավարությունները չպետք է սահմանափակվեն արդար դատավճռի կայացման հայտարարություններով և հավաստիացումներով, այլ ավելի որոշակի քայլեր ձեռնարկեն՝ ուղղված ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացմանը»:

Ռուսաստանի հայերի միությունը նաև դիմում է Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը հունվարի 21-ը՝ Ավետիսյանների հուղարկավորությունից հետո 7-րդ օրը, սգո օր հայտարարելու առաջարկով և վստահություն հայտնում, որ «անաչառ և բազմակողմանի քննություն կիրականացվի և այս ծանր հանցագործության բոլոր մեղավորները ամենախիստ պատիժը կկրեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG