Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ վաղ առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կայացած խորհրդակցության ընթացքում որոշվել է անցկացնել ընդլայնված խորհրդակցություն: Ժամը 14-ին Հայաստանի և արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ կայացել է ընդլայնված կոնսիլիում: Հեռախոսակապի միջոցով կապ է հաստատվել Քլիվլենդի (ԱՄՆ), Իսրայելի, Ֆրայբուրգի (Գերմանիա), Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, աշխարհի լավագույն կլինիկաների մասնագետների հետ:
Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները համատեղ որոշում են կայացրել գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտության միջոցով կատարել դրենավորում:
Վիրահատությունը հայաստանյան մասնագետների հետ կատարել է անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:
Մինչ վիրահատությունն իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, հաշվի առնելով, որ այն հնարավորություն կընձեռի կանխարգելել կյանքին սպառնացող հնարավոր բարդությունների զարգացումը, որոնց միտումները կլինիկորեն դեռևս առկա չեն, սակայն մասնագետների կարծիքով կարող են ձևավորվել կարճ ժամանակահատվածում:
Արմեն Մուրադյանը վիրահատության ամբողջ ընթացքում եղել է բժշկական կենտրոնում:
Մասնագետների ջանքերի շնորհիվ վիրահատությունը բարեհաջող է անցել, տևել է 20 րոպե: Երեխան այժմ գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում:
Երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Հիշեցնենք՝ փոքրիկը արդեն մեկ անգամ վիրահատվել էր Գյումրիում, ինչից հետո տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: