Գյումրիի ոճրագործության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովը պետք է հարցաքննվի և դատվի Հայաստանի օրենքներով, «Ազատության» հետ զրույցում իր կարծիքը հայտնեց Տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր իշխանություն պետք է հպարտ լինի այսպիսի ժողովուրդով, որը արդարացիորեն պահանջում է գործի քննությունն այն հողի վրա, որտեղ թափվել է 6 անմեղ մարդու, այդ թվում մեկ փոքրիկի արյուն:
«Ոճրագործությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, կասկածյալը պետք է քննվի և դատվի Հայաստանի օրենքենրով։ Յուրաքանչյուր իշխանություն պետք է հպարտանա նման ժողովրդով, որովհետև ժողովուրդը դրանով իսկ վստահություն է հայտնում սեփական իշխանությանը», - ասաց Տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Բաբայանն անգամ անիմաստ համարեց մեկնաբանել Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այսօրվա ելույթը՝ նշելով, որ «հայ ժողովուրդը իր պահանջների մեջ արդար է և վայրի բնազդներով չի շարժվում»:
Ըստ Բաբայանի, մարդիկ իրենց պահեցին այնպես, ինչպես վայել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, իսկ գործի արդար քննությունը, կախված է միմիայն Հայաստանի քաղաքացու համառ պահանջից:
«Պահանջի մեջ մենք արդար ենք, մենք ինքնադատաստան չենք ուզում, մենք այստեղ վայրենի բնազդով չենք շարժվում, մենք ուզում ենք օրինական լուծում, մեր երկրում կատարված հանցագործության հանդեպ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրառում», - ասաց Բաբայանը՝ նշելով, որ խոսքն ամենևին Պերմյակովի պատժի խստությամ մասին չէ։
«Միգուցե Ռուսաստանում ավելի մեծ պատիժ սահմանեն։ Խոսքը գնում է նրա մասին, որ եթե հանցագործությունը կատարվել է այստեղ, պատիժը պետք է լինի ևս այստեղ», - ասաց Բաբայանը։
Նա մերժեց այն շահարկումները, թե սա կարող էր բերել հակառուսական ազգայնական դրսևորումների. -«Նման երևույթներ չեղավ, և նույնիսկ անսպասելի էր, որ չեղավ, որովհետև ես համոզված եմ, որ եթե նման ոճրագործություն կատարվեր որևէ այլ երկրում, էմոցիոնալ հարց է, հաստատ կբերեր նաև որոշակի հակաազգային դրսևորումների», - ասաց Բաբայանը։