Ավետիսյանների ընտանիքի կենդանի մնացած միակ անդամի՝ մի քանի ամսական Սերյոժա Ավետիսյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր, այսօր երեխային այցելելուց հետո լրագրողներին հայտնեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Երեխային Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել այսօր առավոտյան։
Մուրադյանը տեղեկացրեց, որ երեկ պրոֆեսոր Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ Երևանից բժիշկների խումբ է մեկնել Գյումրի, խումբը գիշերն անցկացրել է այնտեղ, իսկ երեխայի վիճակի կայունացումից հետո նրան այսօր տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
«Այստեղ ավելի հագեցված հնարավորություններ կան, և այս պահին հիմնական գործողությունները և աշխատանքներն ուղղված են երեխայի վիճակի կայունացմանը։ Վիրահատական միջամտություն խնդիր երեխան այս պահին չունի, հաշվի առնելով բազմաշոկային վիճակը, որ երեխան տարել է, հյուսվածքները տուժել են, բոլոր մեր աշխատանքներն ուղղված են այդ հակաշոկային գործողություններին», - ասաց առողջապահության նախարարը։
Գյումրիում երեկ սպանվել են Մյասնիկյան փողոցի տներից մեկում բնակվող Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները։ Ընտանիքից կենդանի է մնացել միայն փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը։ Իրավապահները փոքրիկին հայտնաբերել են վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված: Երեխային երեկ Գյումրիում վիրահատել են, բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։
Լիլիթ Հարությունյան