Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Ավելի քան մեկ տարի առաջ մի խումբ հայ երիտասարդներ ստեղծեցին Ամերիկայի ծաղկասայլի հայկական ընկերակցությունը և ձեռնամուխ եղան մի հավակնոտ ծրագրի, որի մասին շատ հայեր վաղուց էին մտածել, սակայն ոչ ոք չէր փորձել իրականացնել: Նրանք որոշել էին 126 տարվա ընթացքում առաջին անգամ հայկական ծաղկասայլով մասնակցել աշխարհահռչակ Վարդերի շքերթին, որն անցկացվում է Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում:
Յուրաքանչյուր տարվա առաջին օրն ավելի քան 100 երկրներում շուրջ մեկ միլիարդ մարդ հեռուստացույցով դիտում է այս տպավորիչ շքերթը: Բացի այդ, մոտ 700-հազարանոց ամբոխը շարվում է 9 կիլոմետրանոց շքերթի երթուղու ողջ երկայնքով՝ հաղթահարելով ռեկորդային ցածր ջերմաստիճանը, ինչպես արեց իմ ընտանիքն այս տարվա հունվարի 1-ին: Ոմանք նույնիսկ ամբողջ գիշերն են անցկացնում մայթերին՝ առաջին շարքերում տեղ զբաղեցնելու համար...
Շքերթի մեկնարկից շատ չանցած հանդիսատեսները Փասադենայում և ամբողջ աշխարհում լսեցին դուդուկի անզուգական հնչեղ ձայնը և ականատես եղան բազմահազար գեղեցիկ ծաղիկներով զարդարված հայկական ծաղկասայլին՝ ազգային տարազներով տասնյակ նրբագեղ պարողների ուղեկցությամբ: Այս տարվա Վարդերի շքերթի ընդհանուր թեման էր՝ «Ոգեշնչող պատմություններ», և հայկական ծաղկասայլն իհարկե ոգևորիչ էր իր՝ «Քաղաքակրթության օրրան» պատշաճ խորագրով: Շքերթի պաշտոնաթերթը հրապարակել է հետևյալ փայլուն մեկնաբանությունը ծաղկասայլի լուսանկարի հետ միասին.
«Բարի գալուստ «Քաղաքակրթության օրրան». հայկական համայնքն իր ներկայացրած ծաղկասայլով կիսում է դարավոր հարուստ մշակութային ժառանգությունը Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի հետ: Ամերիկահայերի վարդերի շքահանդեսի ծաղկասայլը ներկայացնում է հայերի ունեցած ներդրումն այս մեծ երկրում և ամբողջ աշխարհում: Այս ծաղկասայլի ամեն մի առարկա՝ սկսած գորգից, կենաց ծառից, թռչուններից և մրգերից մինչև հավերժության նշանն ու դուդուկը, խորհրդանշում է հայոց մշակույթի մի առանձին բնագավառ, այդ թվում՝ կրոնը, կրթությունը, արդյունաբերությունը, երաժշտությունը, պարը և այլն: Գերակշռող գույնը յուրահատուկ որդան կարմիրն է, որն ստացվում է միայն Հայաստանի լեռներում հայտնաբերված միջատից»: Մասնավորապես, ծաղկասայլը ցուցադրում էր արագիլներ, սիրամարգեր, նռներ, ծիրաններ, խաղող, հայոց այբուբենը, հայ կնոջ կերպարը ավանդական գլխազարդով և զգեստով՝ խորհրդանշելով «Մայր Հայաստանը» և եկեղեցու կամարի մի հատված՝ ներկայացնելով հայկական ճարտարապետությունը: Ծաղկասայլն արժանացավ «Նախագահի գավաթ» հեղինակավոր մրցանակին:
Ծաղկասայլով, որն ուներ մոտ 17 մ երկարություն, 8.5 մ բարձրություն և 5.5 մ լայնություն, անցան մի քանի հայտնի մարդիկ, այդ թվում՝ Սամվել Տեր-Եղիայանը (առաջին հայ ներգաղթյալ ԱՄՆ դաշնային դատավոր), Գաբրիել Ինջեջիկյանը (Միացյալ Նահանգներում առաջին հայկական ցերեկային դպրոցի հիմնադիր), Ֆլորա Դունայանցը (հայտնի բարերար Փասադենայից), նշանավոր փաստաբան Մարկ Կիրակոսը, հեռուստահաղորդավար Ջիլ Սիմոնյանը, Փասադենայի նախկին ոստիկանապետ Բեռնար Մելեքյանը և դերասանուհի Անժելա Սարաֆյանը: Զարմանալիորեն ուղիղ 100 տարի առաջ հայ գործարար Մովսես Փաշկյանը եղել է 1915 թվականի Վարդերի շքերթի Մեծ մարշալը...
Թեև ծաղկասայլի կառուցման վրա ծախսվեց 300 հազար դոլար, սակայն այդ ծախսը լիովին արդարացված էր, քանի որ պատմության մեջ առաջին անգամ հայ մշակույթը ներկայացվեց ավելի քան մեկ միլիարդ մարդու ամբողջ աշխարհում՝ մեկ անձի հաշվով մեկ սենթից պակաս ծախսով... Շքերթից ընդամենը մի քանի օր առաջ հայկական ծաղկասայլի կազմակերպիչներն իրենց նպատակի իրագործման համար դեռևս 110 հազար դոլարի կարիք ունեին: Բարեբախտաբար, վերջին օրերին նրանք մի քանի նվիրատվություններ ստացան՝ թողնելով 90 հազար դոլարի ընթացիկ մնացորդ: Նրանք, ովքեր ցանկանում են լրացնել այդ պակասորդը, կարող են հարկային նվազեցման ներդրում անել՝ այցելելով www.aarfa.org կայքը:
Հաշվի առնելով ամերիկյան և միջազգային հեռուստատեսային լայն լուսաբանությունները՝ հայկական ծաղկասայլը ստացավ բազմաթիվ դրական մեկնաբանություններ ամբողջ աշխարհի սոցիալական լրատվամիջոցներում և կայքերում: Որոշ հեռուստաընկերություններ նույնիսկ նշեցին, որ 2015 թվականը համընկավ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին:
Քանի որ հայ ժողովուրդը օտար շրջանակների հետ փոխհարաբերություններում հաճախ բարձրացնում է Ցեղասպանության հարցը, օտարազգիների մեծ մասը հայ ժողովրդի մասին գիտեն որպես հալածանքների ենթարկված ազգի, սակայն ծանոթ չեն նրա հարուստ մշակութային ժառանգությանն ու հնագույն քաղաքակրթությանը: Աշխարհը պետք է իմանա, որ չնայած երիտթուրքերի չարամիտ ջանքերին՝ բնաջնջելու հայ ժողովրդին, նրան հաջողվել է ոչ միայն գոյատևել, այլև բարգավաճել...
Սա հատկապես կարևոր է հայ երիտասարդների համար, որոնք պետք է մեծանան դրական օրինակներն ընդօրինակելով և հպարտանալով իրենց ժառանգությամբ, այլ ոչ թե իրենց զգան որպես ոտնակոխված զոհեր, որոնք խղճահարության կարիք ունեն: Վարդերի շքերթի հայկական ընկերակցությունը հիանալի աշխատանք կատարեց՝ հայկական մշակույթը պանծացնելով և բարձրացնելով նրա վարկն ամբողջ աշխարհում:
Կազմակերպիչները, խանդավառվելով այս տարվա Վարդերի մրցաշարում իրենց մասնակցության նկատմամբ հսկայական համաժողովրդական արձագանքից, խոստացել են այսուհետև ամեն տարի հայկական ծաղկասայլով մասնակցել Փասադենայի ամենամյա շքերթին...
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի