Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) մտադիր է առաջիկա տոներից հետո անմիջապես լծվել իշխանափոխության գործին:
«Նոր տարվա տոնականատարություններից հետո մենք անմիջապես պետք է լծվենք իշխանափոխության գործին։ Եվ ես վստահ եմ, որ եթե Համաժողովրդական շարժման գործընկեր ուժերը կատարեն ճշգրիտ քայլեր, մենք շատ արագ կհասնենք մեր նպատակին», - iLur.am-ի հետ զրույցում հայտարարել է ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա որպես բավականին նշանակալից է գնահատել անցնող տարին, քանի որ քաղաքական ուժերի աննախադեպ համախմբվածությունը և հոկտեմբերին եռյակի անցկացրած հանրահավաքները, ըստ նրա, հույս տվեցին ժողովրդին, որ իշխանափոխությունը հավանական է։
Շաբաթ օրը տեղի է ունեցել ՀԱԿ-ի հանրապետական խորհրդի տարեվերջյան նիստը, որը գլխավորել է Հայաստանի առաջին նախագահ, կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և որին մասնակցել են ՀԱԿ-ի տարբեր սերնդի անդամներ, համակիրներ, այդ թվում՝ ազատամարտիկներ, հասարակական-քաղաքական և արվեստի գործիչներ։
Ըստ iLur.am-ի