Այսօր առավոտյան Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացուցիչները ներխուժել են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակ և հայտարարել, որ «գրասենյակը փակելու» դատարանի որոշում ունեն:
Ինչպես հաղորդում է «Ազատության» ադրբեջանական ծառայությունը, գրասենյակում ներկայումս խուզարկություն է իրականացվում, անջատված են հեռախոսներն ու ինտերնետը, աշխատակիցներին թույլ չեն տալիս մոտենալ համակարգիչներին, բյուրոյի աշխատակազմի մի մասն էլ դրսում է մնացել՝ չկարողանալով շենք մտնել:
Դատախազության աշխատակիցները պահանջել են բյուրոյի չհրկիզվող պահարանում գտնվող փաստաթղթերը, որոնք նաև աշխատակիցների անձնական տվյալներն են պարունակում:
Բյուրոյի աշխատակիցներին մի քանի ժամ սենյակում պահելուց հետո դատախազության աշխատակիցները հրահանգել են նրանց լքել գրասենյակը՝ հայտարարելով, որ բյուրոյի աշխատանքը պետք է ավարտվի, սակայն չեն մասնավորեցրել, թե որքան ժամանակով:
Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավարը APA լրատվական գործակալությանը ասել է, թե խուզարկությունը կապված է գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գործերով քննչական վարչության կողմից քննվող գործի հետ, որի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում:
Ադրբեջանի իշխանությունները վերջին մի քանի ամիսներին նմանատիպ խուզարկություններ են կազմակերպել այսպես կոչված արտասահմանյան կառույցներում, որոնց թվում էին IREX-ը, Ժողովրդավարության ազգային ինստիտուտը և Oxfam-ը: Բոլոր երեք գրասենյակներն էլ փակվել են:
Հիշեցնենք, դեկտեմբերի 5-ին ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է «Ազատության» ադրբեջանական ծառայության առաջատար լրագրողներից մեկը՝ Խադիջա Իսմայիլովան՝ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով:
Ըստ APA գործակալության, այսօր դատարանը մերժել է Իսմայիլովայի խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով: