Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հերքել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը շփման գծում դիվերսիայի փորձի և ադրբեջանական բանակի կրած կորուստների մասին՝ այն որակելով ապատեղեկատվություն:
«Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը ռազմաճակատի գծի երկայնքով: Անձնակազմում կորուստներ չկան: Հայերը, տարածելով նման տեղեկատվություն, հող են ստեղծում սադրանքների համար, որ ցանկանում են կազմակերպել», - APA լրատվական գործակալությանը ասել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից:
Այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերը ադրբեջանական զինուժը Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ, Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներն էլ,«ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքերը»: