Ֆրանսիական Le Point շաբաթաթերթը հրատարակել է մի ծավալուն հոդված Ադրբեջանում Ալիև ընտանիքի 25-ամյա իշխանության մասին։ Հոդվածում հեղինակն անդրադարձել է Ադրբեջանում ալիևյան խարդախություններին, կեղծված ընտրություններին, մամուլի անազատ վիճակին, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին։
Հոդվածում հեղինակն անդրադարձել է նաև Ալիև ընտանիքի՝ կեղծ ընկերությունների միջոցով երկրի տնտեսության բոլոր ճյուղերի ղեկավարման հարցին։
«Մի ընտանիք, որը սեփականացրել է երկրի հսկայական հարստությունը և ոչ մի պատասխանատվություն չի կրում դրա համար»,- գրում է շաբաթաթերթը՝ ընդգծելով, որ Ալիևները լավագույն ընդունելությանն են արժանանում Արևմուտքում, հատկապես՝ Ֆրանսիայում, որը նրանց սիրած եվրոպական երկիրն է, և որտեղ Ալիևներն ունեն համակիրների մի ողջ շրջանակ՝ սկսած ֆրանսիացի դերասաններ Ժերար Դեպարդյեից ու Ալեն Դելոնից, մինչև պատգամավորներ ու սենատորներ, որոնցից մեկը Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան Պիեռ Ռաֆառեն է։
«Ալիև դինաստիան և խավիարի դիվանագիտությունը» հոդվածում նշվում է, որ իրականում Ալիև ընտանիքը լոբբիզմի մեծ աշխատանք է տանում Ֆրանսիայում. նրանք գնում են, օրինակ, ֆուտբոլի խմբեր, ֆինանսավորում սպորտային և այլ միջոցառումներ՝ սպորտային, քաղաքական, մշակութային ու նույնիսկ համալսարանական շրջանակները ներթափանցելու, համակիրներ շահելու համար։
««Հեյդար Ալիև» հիմնադրամը ֆինանսավորել է Լուվրի թանգարանի իսլամական արվեստին նվիրված բաժինը, Վերսալյան ամրոցի, Ստրասբուրգի Մայր տաճարի վերակառուցումը»,- գրում է շաբաթաթերթը։
Հոդվածում նշվում է, որ Եվրոպայի խորհրդում որոշ պատգամավորներ դատապարտում են «խավիարի այդ դիվանագիտությունը»։
«Բայց չպետք է մոռանալ, որ Բաքուն իր նավթային հսկայական հարստություններով և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով խարսխված է Արևմուտքում, որը լրացնելու կգա շուտով Անատոլու տարածքով անցնող գազատարը»,- նշում է շաբաթաթերթը։
Հոդվածի հեղինակ Գիյոմ Պերիերը ֆրանսիական Le Mond թերթի նախկին թղթակիցն էր Թուրքիայում և տեղում լավագույնս հետազոտել է հայկական հարցը՝ իր կնոջ՝ լրագրող Լոր Մարշանի հետ գրելով «Թուրքիան և հայկական ուրվականը» գիրքը։
Ըստ Պերիերի, Ֆրանսիայում Ալիև ընտանիքի հեղինակությունը ստեղծելու և ազդեցությունը տարածելու մյուս լծակը 2012 թվականին Ադրբեջանի հատուկ գրասենյակի բացումն է Փարիզում։ Գրասենյակը զբաղվում է քարոզչական աշխատանքով՝ տասնյակ երևելի դեմքեր են հրավիրում Ադրբեջան, կազմակերպում ցուցահանդեսներ, բանախոսություներ Ադրբեջանի արհեստագործության վերաբերյալ։
2013 թվականին դասական երաժշտության համերգ է կազմակերպվել Փարիզի Մադլեն եկեղեցում՝ նշելու Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձը։
«Այս ամենի նպատակը Ֆրանսիայում Ադրբեջանի քարոզչությունը կատարելն է, Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իր տեսակետը ներկայացնելը և 1915 թվականի Հայոց ցեղասպանության իրականությանը ընդդիմանալը», - գրում է Գիյոմ Պերիերը:
Ըստ ֆրանսիացի լրագրողի, Ադրբեջանի քարոզչությունը հասել է մինչև Ֆրանսիայի համալսարանական շրջանակները. Լիլ քաղաքի քաղաքագիտության հաստատությունը դիվանագիտական համագործակցություն է հաստատել Բաքվի դիվանագիտական ակադեմիայի հետ, իսկ նավթի ֆրանսիական հաստատությունը գնահատելի մի օգնություն է ստացել ադրբեջանական Socar նավթային ընկերությունից։