Մատչելիության հղումներ

«Հանրապետականի առաջին շարքերում Սերժ Սարգսյանին արջի ծառայություններ մատուցողներ կան»


ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյան, արխիվ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյան, արխիվ

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իշխանական թիմը իշխանության կողմից չի վերահսկվում։

Երկուշաբթի Ազգային ժողովի չորս խմբակցությունները՝ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունը» և «Օրինաց երկիրը» հավաքեցին անհրաժեշտ թվով ստորագրությունները արտահերթ նիստ հրավիրելու համար: Նիստը, սակայն, չկայացավ, Հանրապետականի բացակայության պատճառով քվորում չապահովվեց։

«Եվ Հանրապետականն ինչպես միշտ բոյկոտեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։

Սարգսյանը, նաև փոխանցեց, որ չորս խմբակցությունները պատրաստել էին հայտարարության նախագիծ, սակայն Հանրապետականը հրաժարվել է միանալ հայտարարությանը՝ չհամաձայնելով փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրաժարականը պահանջող կետի հետ:

Չորս խմբակցությունների հայտարարությունում, մասնավորապես, նշված է․ «Վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները՝ ավտոմեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստների և ազատամարտիկների ծեծ, հարձակում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, առաջացրել են Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի խորը մտահոգությունն ու անհանգստությունը։ Խստորեն դատապարտելի է փոխոստիկանապետ, Ներքին զորքերի հրամանատարի հայտարարությունը՝ իրեն օրենքից վեր դասելու և քաղաքացիներին սպառնալու մասին, ինչը անհամատեղելի է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակին»։

Հիշեցնենք, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, համաձայն մամուլի հրապարակումների, լրագրողի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ կկտրի նախագահին վիրավորողների ականջները:

Չորս խմբակցությունները իրավապահ մարմիններից պահանջում են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այս հանցագործությունների կազմակերպիչ կամ մեղսակից բոլոր անձանց ի հայտ բերելու, և պատասխանատվության ենթարկելու համար։

Երկրորդ կետով պահանջում են բռնության կոչերի և դատապարտելի հայտարարությունների համար անհապաղ պաշտոնանկ անել ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին։ Սա հենց այն կետն է, որին դեմ է արտահայտվել Հանրապետականը:

«Կետերից առնվազն մեկը չէր գոհացնում Հանրապետական խմբակցությանը, դա Երանոսյանի հրաժարականի պահանջն էր։ Առանց այդ կետի էլ անիմաստ էր այդ հայտարարությունը և արտահերթ նիստը գումարելը։ Հետևաբար, մեր պահանջը մնում է օրակարգային, թող իրենք որոշեն՝ ինչ կերպ են վարվում իրենց բարձրաստիճան զինվորականների հետ, որոնք իրենց թույլ են տալիս նման արտահայտություններ ու մեկնաբանություններ անել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը։

Երեկ Հանրապետականի ներկայացուցիչները կարծիք էին հնչեցրել, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կատարված բռնությունները ուղղված են առաջին հերթին իշխանությունների դեմ, քանի որ այդ կերպ ինչ-որ մարդիկ ցանկանում են հեղինակազրկել իշխող կուսակցությանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հանրապետականը պարզապես այլևս չի վերահսկում իրավիճակը:

«Մասամբ իրենց հետ համամիտ եմ, որ իրենք իրավիճակը չեն վերահսկում, և իրենց շարքերի առաջնային գծում կան մարդիկ, որոնք միգուցե անհատական նախաձեռնություն են ցուցաբերում և արջի ծառայություն են մատուցում անձամբ Սերժ Սարգսյանին։ Հետևաբար ընթացքը ցույց կտա։ Սա խոսում է մի բանի մասին, որ իշխանության կողմից իրենց իսկ թիմը չի վերահսկվում և, բնականաբար, պետք է փորձեն ինչ-ինչ հիմնավորումներ փնտրել, որպեսզի իրենցից հեռացնեն այդ մեղքը», - ասաց Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG