Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը մեկնարկեց վերջին օրերին իրար հաջորդող հանցագործությունների թեմայով:
Նիկոլ Փաշինյանը պահանջեց, որ հանձնաժողովը դատապարտի ու իրավապահներից խստորեն պահանջի բացահայտել ոչ միայն Արամ Մանուկյանի և ազատամարտիկների, այլև «Նախախորհրդարանի» անդամների դեմ բռնությունները:
«Սա քաղաքական շատ լուրջ նշանակություն ունեցող հարց է, որը ի վերջո կապ ունի նաև Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերի հետ», - հայտարարեց պատգամավորը:
Հանձնաժողովի հանրապետական ղեկավար Արտակ Զաքարյանը, սակայն, մերժեց, ասաց՝ ամեն մեկն իր անունից կարող է խոսել․ - «Կարիք չեմ տեսնում հատուկ հանձնաժողովի անունից հայտարարություն տարածել կամ դատապարտել: Չկա մեկը, որ կասի՝ ես չեմ դատապարտում»:
Հանրապետականները միաբերան կրկնում էին՝ հարցն իրավական ոլորտից է: Իշխող խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ազատության» հետ զրույցում գնահատեց՝ տհաճ երևույթ է: «Կարծում է՝ իրավապահներն իրենց բարձրության վրա կգտնվեն, արագ կբացահայտեն, պատասխանատվությունը հենց նրանց վրա է», - հավելեց նա:
Հանրապետական Համլետ Հարությունյանն ունի վարկած․ այս ամենն արվում է հատուկ՝ իշխանություններին վարկաբեկելու համար, Սերժ Սարգսյանի մեղսակցության մասին Կոնգրեսի պնդումները, ըստ նրա՝ պրիմիտիվ են:
«Ոչ մի իշխանություն, ոչ միայն Սերժ Սարգսյանի, նմանատիպ քայլերի չի գնում: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, իշխանությունը ինչո՞ւ պիտի Արամ Մանուկյանին․․․ այդ ի՞նչ է այդ՝ ծեծել, բան․․․ դա իշխանության ձեռագիր չէ, իշխանությունը ավելի հզոր մեթոդներ ունի, ծեծելս ո՞րն է, սովորական խուժանություն է դա», - ասաց Հարությունյանը:
Գագիկ Մելիքյանը ծանոթ է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի արտահայտությանը, թե «շան թուլի պես կկտրի նրա ականջներն, ով Սերժ Սարգսյանի հասցեին վատ բան կասի»: Հանրապետական պատգամավորը համաձայն է:
«Ես ճիշտ եմ գնահատում դա՝ ովքեր կվիրավորեն Հանրապետության նախագահին, կենթարկվեն պատասխանատվության», - ասաց նա:
«Ազատության» հարցին՝ դա փոխոստիկանապետի գործառո՞ւյթն է՝ պոկել ականջը, Մելիքյանը պատասխանեց․ - «Դա ընդամենը ժողովրդական խոսք է, բայց փոխոստիկանապետի գործառույթն է՝ բացահայտել իրողությունները»:
«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը կասկած չունի՝ ոստիկանությունում շատ լավ գիտեն, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում: Իրավապահների գործուն լռությամբ բռնությունը թափ է հավաքում, ավելին՝ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն ինքը բռնության կոչ է հնչեցրել՝ սպառնալով պատժել Սերժ Սարգսյանից դժգոհողներին:
«Բազմահազար քաղաքացիներ դժգոհ են Սերժ Սարգսյանից և մեղադրում են նրան տարբեր ծանր հանցագործությունների մեջ, հետևաբար, ոստիկանությունը արդեն ինքը երբ հայտարարում է, որ բռնություն կկիրառի, սա նաև ազդակ է և օրինակ է այլ անձանց կողմից այդպիսի բռնություն կիրառելու», - ասում է Փոստանջյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է ծպտյալ ոստիկանների և հեղափոխության անհնարինության մասին ոստիկանապետի վերջին հայտարարությունները․ - «Վովա Գասպարյանը ենթարկվում է Սերժ Սարգսյանին և հենց այնպես չէ նման հայտարարություններ անում»:
Եռյակում Հայ ազգային կոնգրեսի գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը տարակուսած էր․ Արամ Մանուկյանի հետ երեկ են վերադարձել արտասահմանյան գործուղումից, ցերեկը խորհրդարանում նորից հանդիպել են, արտառոց բան չի նկատել: Ի տարբերություն Կոնգրեսի, Մելքումյանը չի շտապում այս միջադեպը գնահատել որպես ոտնձգություն՝ եռյակի նախաձեռնած շարժման դեմ․ - «Ես չեմ կարող հիմա հստակ պնդել, թե դա ինչ է, բայց ընդհանրապես, որ դա ինչ-որ շարք է սկսվում, եթե մի առանձին բան լիներ, ինչ-որ շատ լուրջ մտորումների տեղիք է տալիս»:
ԲՀԿ պատգամավորը կարծում է՝ եռյակը չպետք է ենթարկվի սադրանքի, անհրաժեշտ է դատել սթափ, սառը ու հավասարակշռված:
«Ինչ-որ տեղ էլ սպասում են, որ դու ինչ-որ բանով արձագանքես, բայց պետք է որևէ չնախատեսված, գուցե, այսպես ասեմ՝ սխալ քայլ էլ չանել», - ասում է նա: