«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը չեն մասնակցի վաղը Ազատության հրապարակում նախատեսված՝ եռյակի հանրահավաք-երթին:
Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, կուսակցության բազմաթիվ այլ ներկայացուցիչներ ներկա կլինեն հանրահավաքին:
«Ընդհանրապես ԲՀԿ-ականները ցանկության դեպքում ազատ են մասնակցելու Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանը», - ասաց ԲՀԿ առաջնորդի խոսնակը:
Թե ի՞նչ պատճառով Գագիկ Ծառուկյանը ներկա չի լինի Ազատության հրապարակում եռյակի նախաձեռնած հանրահավաք-երթին, Իվետա Տոնոյանը չմանրամասնեց:
Այն, որ Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաք-երթին չի մասնակցի նաև Լևոն Տեր-Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Ավետիս Ավագյանը:
«Լևոն Տեր-Պետրոսյանը այս ավանդական երթին սովորաբար չի մասնակցում», - մեզ հետ զրույցում պարզաբանեց Ավետիս Ավագյանը:
Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք քննարկվել է հանրահավաք-երթին լիդերների մասնակցության հարցը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե եռյակի նիստում նման հարց չի քննարկվել:
Ոչ իշխանական ուժերի լիդերներից վաղն Ազատության հրապարակում կլինի միայն «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորում է այդ միջոցառումը, և անկախ այն հանգամանքից՝ եռյակի մյուս լիդերները մասնակցում են, թե ոչ, «Ժառանգության» ղեկավարը ներկա կլինի այդ միջոցառմանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում և այլուր հարցազրույցների և իր ելույթի ժամանակ ասել է, որ ինքը մասնակցելու է Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված բողոքի երթին՝ ՀԱԿ-ի կողմից կազմակերպված բողոքի երթին», - «Ազատության» հետ զրույցում, մասնավորապես, ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի քարտուղարը:
«Ազատության» հարցին՝ եռյակի լիդերների մասնակցության խնդիրը քննարկվե՞լ էր, Սանասարյանը պատասխանեց․ - «Կարծում եմ ոչ, չի քննարկվել: Ուղղակի Րաֆֆի Հովհաննիսյանը, այդ օրվա միջոցառումը կարևորելով, հայտարարել է, որ ինքը մասնակցելու է և իր մասնակցությունը չի կապել որևիցե այլ մարդկանց մասնակցությանը: Լավ գիտեք, որ ամենատարբեր միջոցառումներին Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես քաղաքացի, իր մասնակցությունը ունենում է»:
Մեր հարցին՝ եռյակի գործընկերներից որևիցե բացատրություն ստացե՞լ են այն մասին, թե ԲՀԿ և ՀԱԿ լիդերների չմասնակցությունը ինչով է պայմանավորված, Սանասարյանն արձագանքեց․ - «Ոչ: Դա մեզ, անկեղծ ասած, չի հետաքրքրում: Եթե դու կարևորում ես այդ միջոցառման բովանդակությունը, դու պետք է մասնակցություն ունենաս»: