Մատչելիության հղումներ

Երեկ զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով


Երեկ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագծում հակառակորդի կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Գարիկ Իսպիրյանի մահվան հանգամանքները դեռ չեն հրապարակվում։

Այսօր դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել։ Կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողը մահացել է որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքից, կրակոցը արձակվել է ադրբեջանական կողմից։ Քննչական կոմիտեի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գործի քննությունից ելնելով այլ մանրամասներ դեռ չեն հաղորդում։

Գարիկ Իսպիրյանը 19 տարեկան էր, դեպքը տեղի էր ունեցել երեկ ժամը 15-ի սահմաններում Ղարաբաղի արևելքում գտնվող սահմանային հենակետում։

Զոհված զինծառայողը քիչ առաջ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրվել։ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ սա սովորական միջադեպ չէր, այդ պատճառով էլ զինծառայողին պարգևատրել են։

«Այստեղ կա մանրամասներ, որոնք չպետք է հրապարակվեն: Սա ռազմական ոլորտին է առնչվում: Դրա համար պիտի ուղղակի ընդունենք այն, ինչ կա: Եվ պետք է նաև մտապահենք մեկ բան, որ որևէ մի զինվորի կամ սպայի, կամ զինծառայողի ընդհանրապես չի շնորհվում այս կամ այն պարգևը առանց հիմքի», - նշեց նա:

Լեռնային Ղարաբաղում այս միջադեպը դիվերսիոն են որակում։ Դավիթ Բաբայանը շեշտեց, որ Ադրբեջանի նպատակները անհասկանալի են։

«Ռազմաքաղաքական որևէ փոփոխություն դա չի բերում՝ նրանց խախտումները: Դիրքերը որտեղ եղել են՝ 20 տարի առաջ, մինչև հիմա այնտեղ են: Ուղղակի այդ ագրեսիան և նման պետություններին բնորոշ պահելաոճը բնական երևույթ է դառել: Հիմա այդ պետությունը հիվանդացել է ֆաշիզմով, և այն էլ՝ այդ ֆաշիզմը գտնվում է ամենավատ աստիճանում ասում է Բաբայանը:

Երեկ երկու զոհերի մասին տեղեկություն է հրապարակել նաև ադրբեջանական կողմը։ «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի հաղորդմամբ՝ Ղազախի շրջանում ականի վրա պայթել է զինվորականներ տեղափոխող մի բեռնատար, արդյունքում երկու ադրբեջանցի զինծառայող զոհվել է:

Արդեն այսօր էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երեկ հայկական դիվերսիոն խմբերը փորձել են անցնել սահմանագիծը։ APA գործակալության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանցի զինծառայողների կրակի արդյունքում հայկական կողմը մեծ թվով զոհեր տալով՝ նահանջել է, իսկ ադրբեջանական կողմը վնասներ չի կրել։

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում այս տեղեկությունը հերյուրանք են համարում։ «Ազատության» հետ զրույցում Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից փոխանցեցին, որ հայկական զինված ուժերը ոչ մի հարձակում չեն իրականացրել: Հերքում են նաև հայկական կողմի մեծաքանակ զոհերի մասին տեղեկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG