Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը պնդում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան


Հայաստան -- Վարչապետ Հովիկ Աբրահամյանը (աջից) աշխատակազմին է ներկայացնում արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին, 5-ը մայիսի, 2014թ․
Հայաստան -- Վարչապետ Հովիկ Աբրահամյանը (աջից) աշխատակազմին է ներկայացնում արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին, 5-ը մայիսի, 2014թ․

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, այսօր «Ազատություն» TV-ի ֆեյսբուքյան ասուլիս հաղորդման ուղիղ եթերում, պատասխանելով Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների մասին հարցին, հայտարարեց, որ Հայաստանում այսօր քաղբանտարկյալներ չկան:

«Փաստորեն Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը, որի անդամ եք նաև դուք, ունի քաղբանտարկյալներ՝ հանձինս Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների: Դուք ձեզ մեղավոր չե՞ք զգում այս իրավիճակում», - հարցրել էր Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկը:

«Պետք է ասեմ, որ հարցապնդման հեղինակի հետ ես համաձայն չեմ: Հայաստանում մենք այսօր չունենք քաղբանտարկյալներ», - հայտարարեց նախարարը՝ նշելով, որ ուսումնասիրել է այս հարցը և գնահատականներում առաջնորդվում է «օբյեկտիվ չափորոշիչներով»: - «Ես չեմ ուզում ասել, որ դա վերջնական ճշմարտությունն է, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ ասել, որ որևէ դեպք՝ քաղբանտարկյալների առկայության, նման զեկույցներում և նման գնահատականներում առկա չէ», - հավելեց նա:

Հիշեցնենք՝ պահեստազորի գնդապետ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Վոլոդյա Ավետիսյանը ազատամարտիկների սոցիալական իրավունքների պաշտպանության համար բողոքի ակցիաներ նախաձեռնելուց շատ չանցած մեղադրվեց խարդախության մեջ և 6 տարվա ազատազրկման դատապարտվեց: Նրա համախոհները պնդում են, որ դատարանի վճիռը քաղաքական էր:

Անցած տարվա նոյեմբերի 5-ին քաղաքական կոչերով փողոց դուրս եկած Շանթ Հարությունյանն էլ մոտ երկու ամիս առաջ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, ազատազրկվեցին նաև նրա մի խումբ գաղափարակից ընկերներ, իսկ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանի որոշմամբ ազատազրկումը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետաքրքրվել էր նախարարից․ - «Արդյո՞ք դուք որպես քաղաքացի արդարացված և համաչափ եք համարում Շանթ Հարությունյանի համար որոշված 6 տարի պատժաչափը»:

«Հիմա եթե ես պատասխանեմ՝ այդ 6 տարին, ասենք, շատ է՝ ինչպիսի պատասխան, որպես արդար արդարադատության նախարար, շատ մարդիկ ինձանից ակնկալում են, ի՞նչ տպավորություն կարող է թողնել այդպիսի արդարադատության նախարարը», - հարցին հարցով պատասխանեց Հովհաննես Մանուկյանը: - «Բնականաբար, ես այդ գործին մանրամասն տեղյակ չեմ, որովհետև ես իրավունք չունեմ այդ գործը վերցնել թերթել, որովհետև ես չեմ կարող միջամտել դատական գործունեությանը: Ես իրավունք չունեմ դատավորին զանգել հարցնել՝ ինչպիսի՞ փաստական հանգամանքներ կան այս գործում»:

«Դատարանների հանդեպ հասարակության վստահությունը հասնում է 0-ի», - օգտատերերից մեկի այս կարծիքը նախարարը համարեց ուռճացված, բայց ասաց, որ վստահության խնդիր իսկապես կա:

Օգտատերերից մեկը նախորդ ամսվա ընթացքում ընդդիմադիր գործիչների ու ակտիվիստների 6 ավտոմեքենաներ հրկիզելու փաստը որակել էր որպես ակնհայտ հետապնդում ու հարցրել նախարարին․ - «Չե՞ք գտնում, որ որպես արդարադատության նախարար կրում եք պատասխանատվության ձեր բաժինը այդ ամենի համար»:

Մանուկյանն ասաց, որ ցանկացած բռնություն դատապարտում է:

«Որպես Կառավարության անդամ և որպես արդարադատության նախարար, բնականաբար, իմ պատասխանատվության բաժինը ես զգում եմ ցանկացած վատ կամ արատավոր երևույթի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում», - հավելեց նա:

Ֆեյսբուքյան ասուլիսը արդարադատության նախարարի հետ ամբողջությամբ կարող եք դիտել ստորև տեղադրված տեսագրությունում:

XS
SM
MD
LG