Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն ոչ թե աթոռ է ուզում, այլ երկրում իրավիճակի փոփոխություն


ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյան, արխիվ
ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյան, արխիվ

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով՝ իշխանությունները կողմնորոշվելու խնդիր ունեն:

«Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) ոչ թե աթոռ է ուզում, այլ երկրում իրավիճակի փոփոխություն է ցանկանում: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը, հակադարձելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ անցած շաբաթ արած հայտարարությանը, որ եթե ոչ իշխանական ուժերը աթոռ են ուզում, ապա թող գան 2017 թվականին:

«Ուզում են մեր աթոռները տանք, իրենք ղեկավարե՞ն, թող գան 17 թվականին, ներկայացնեն ծրագրեր, մեր ընտրողները ձայն տան իրենց, գան Ազգային ժողովում ընտրություններ կազմակերպեն, մեծամասնություն ունենան, նշանակեն վարչապետ, կառավարություն և իշխեն: Դա է միակ ուղին», - ասել էր վարչապետը:

«Մենք աթոռ չենք ուզում, մենք ուզում ենք՝ երկրում նորմալ իրավիճակ ստեղծվի: Մեր գործունեությունն ուղղված է երկրին, ոչ թե աթոռին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մարգարյանը:

Հարցին, թե արդյոք կարելի՞ է այդ հայտարարությունը դիտարկել այն տեսանկյունից, որ իրականում այլևս չկա որևէ երկխոսություն իշխանության և ԲՀԿ-ի ու եռյակի միջև, Ստեփանյանն արձագանքեց, որ իշխանությունները կողմնորոշվելու խնդիր ունեն, թե, ի վերջո, ինչ են առաջարկում:

«Մենք տարբեր մարմիններից տարբեր արտահայտություններ ենք լսում՝ կատարում ենք կետերը, եկեք խոսենք, քննարկենք՝ որը կատարենք, որը՝ չէ, եկեք խոսենք, բայց չկատարենք, և ես ասեցի, որ մենք զրուցակցի պակաս չունենք: Ուզում եմ ասեմ, որ այս պահին հստակ չի, թե ինչ են ասում իրենք: Մենք համարում ենք, որ երկխոսությունը դա Ազգային ժողովում քննարկելն է՝ հարցերը մտցնենք օրակարգ և քննարկենք, դրանից լավ երկխոսություն չկա», - ասաց Ստեփան Մարգարյանը՝ շարունակելով․ - «Մենք այդպիսի առիթ տվեցինք՝ որոշման ձևով Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, և առանձնապես չստացվեց երկխոսություն: Հիմա եթե իրենք պատրաստ են երկխոսության, խնդրեմ, թող նախաձեռնեն, կամ չի բացառվում՝ մենք էլի նախաձեռնենք, և գանք միասին անցկացնենք որևէ որոշում օրենքի տեսքով, օրինակի համար, նորից Ընտրական օրենսգիրքը: Դա կլինի շատ լուրջ երկխոսություն: Այս պահին որևէ պրոցես չկա»:

Ի դեպ, չի բացառվում, որ առաջիկայում եռյակը Ազգային Ժողովի արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գա և կրկին քննարկման առարկա դարձնի Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու հարցը: Ստեփան Մարգարյանն ասաց, որ այժմ քննարկում են արտահերթ նիստ հրավիրելու ժամկետների հարցը:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ եռյակը ըստ էության դադար է վերցրել իշխանափոխության համար մղվող պայքարում, մասնավորապես՝ մեկ ամսից ավելի է, ինչ հանրահավաքներ տեղի չեն ունենում, եռյակի հանդիպումներ՝ նույնպես, Ստեփան Մարգարյանն ասաց, թե ոչ իշխանական ուժերը այժմ աշխատանքներ են իրականացնում մարզերում:

«Նույնիսկ՝ տնետուն ման գալու ձևով, անընդհատ գնում են, փորձում են հասարակական տրամադրությունները ուսումնասիրել ավելի մտերմիկ խոսակցությունների տեսքով: Եզրակացությունը հետևյալն են՝ բավականին մեծ դժգոհություն, շատ-շատ մեծ դժգոհություն», - նշեց Մարգարյանը:

Պնդմանը, թե, այդուհանդերձ, ինչին է սպասում եռյակը, ԲՀԿ պատգամավորն արձագանքեց․- «Կան հարյուր հազարավոր մարդիկ, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, ովքեր ամեն ինչով համակրում են մեզ, բայց առայժմ՝ տանը նստած: Մենք ուզում ենք այս մարդկանց բացատրել, որ եթե դուք համակրում եք ու ուզում եք փոփոխություն, դուք պետք է որոշակի պարբերությամբ դուրս գաք և միասին կանգնեք փողոցում՝ մեր ճնշումը, մեր պահանջը ներկայացնենք իշխանություններին: Մենք անում ենք այս աշխատանքը հիմա»:

Հարցին, թե երբ են բերելու խոստացված փոփոխությունը, արդյո՞ք 2017-ին, ինչպես ասել էր վարչապետը, Մարգարյանն արձագանքեց․ - «Ոչ, շատ ավելի շուտ, դա կհայտարարենք»:

Հավելենք, որ այս չորեքշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, եռյակի ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը», և «Ժառանգությունը» Ազատության հրապարակում նախատեսում են Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաք-երթ անցկացնել: Ստեփան Մարգարյանն ասաց, թե դեռևս որոշում չկա՝ արդյոք եռյակի լիդերները հանդես կգան ելույթով, թե ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG