Մատչելիության հղումներ

Փոստանջյանը ԵՏՄ-ին Հայաստանի միանալը արկածախնդրություն է որակում


Զարուհի Փոստանջյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 1-ը դեկտեմբերի, 2014թ․
Զարուհի Փոստանջյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 1-ը դեկտեմբերի, 2014թ․

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այս միությունում գարնանն արդեն Հայաստանին դժվարին օրեր են սպասում։

Միանշանակ՝ սա ուղղակի արկածախնդրություն է, որի մեջ ներքաշվել է նաև Հայաստանը․ - այսպես բնորոշեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելու գործընթացը:

«Ազատության» հետ զրույցում նա հայտարարեց, որ այսօր Հայաստանը չունի պատշաճ ղեկավարներ, որոնք գոնե այս ժամանակահատվածում կկարողանային ուղղակի սառեցնել հարաբերությունները և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը բռնակցվի մի միության, որի միավորներից ամենամեծը՝ Ռուսաստանի Դաշնությունը այսօր անկում է ապրում։

«Այս համագործակցությունից, իհարկե, Հայաստանը ոչ մի դրական իմաստով ակնկալիքներ չունի, դեռ ավելին՝ ես կարող եմ ասել, որ գարնանը մեզ սպասում են շատ դժվար օրեր՝ ապրանքների թանկացում, իհարկե, այս ռուբլի-դոլար հարաբերակցությունը և ռուբլու այս անկումը ուղղակի անդառնալի հետևանքներ է ունենալու նաև մեր տնտեսության և մեր հասարակության նկատմամբ», - ասաց Փոստանջյանը։

Պատգամավորը վստահ է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ դեպի Ռուսաստան արտահանման ծավալները չեն մեծանալու. - «Տեսեք, հիմա ինչ-որ շուկայի մասին են խոսում՝ միլիոնների թվեր են ասում, ի՞նչ է, մինչև այսօրը մենք չէի՞նք արտահանում Ռուսաստան, այդ ծավալներն իհարկե չեն մեծանալու։ Դուք պատկերացրեք՝ այնտեղ գները աճելու են, բայց գնողունակությունը քաղաքացիների նվազելու է, հետևաբար՝ այն ապրանքը, որը մենք պետք է արտահանենք և այնտեղից եկամուտներ ստանանք, մինչև այդ պահը՝ մինչև դու արտահանես, մինչև եկամուտ ստանաս, այդ ռուբլի և դոլար տատանումները արդեն իսկ քեզ վնաս են պատճառելու»։

Փոստանջյանի խոսքով՝ անկայուն շուկայում օգուտներ ակնկալելը միամտություն և խաբեբայություն է։

«Մեր քաղաքացիներն արդեն այսօր տեսնում են, թե ինչպես է դրամն արժեզրկվել, իսկ սա, իհարկե, կապ ունի Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք պետք է ընտրեինք կայուն համակարգ և այդ կայուն համակարգը թողնելով՝ գոնե պետք է մեզ զերծ պահեինք անկայուն համակարգի մեջ մտնելուց: Այ սա է խնդիրը, մենք գոնե պետք է այս պարագայում, եթե չէինք կարողանում գնալ Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը՝ գոնե սա պետք է սառեցվեր», - շեշտեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG