Մատչելիության հղումներ

Բոլիվիայի օրենսդիր մարմինը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը


Բոլիվիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և այն ժխտող քաղաքականությունը:

Ըստ արգենտինական պարբերականի՝ Բոլիվիայի օրենսդիր մարմինն այդ վերաբերմունքն արտահայտել է անցյալ շաբաթ:

Բոլիվիայի Սենատի ղեկավար Սոնիա Գուարդիա Մելգարը հաստատել է, որ բանաձևն ընդունել են Սենատում և խորհրդարանի Ստորին պալատում՝ «արտաքին գործերի նախարարի հաստատմամբ»:

«Մենք մեր աջակցությունը, համերաշխությունն ու բարեկամությունն ենք հայտնում հայ և քուրդ ժողովուրդներին, քանի որ մեր պետության Սահմանադրությունը, որը օրենքների օրենքն է, ոչ է ասում խտրականությանը, մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգություններին և ցեղասպանություններին», - «Պրենսա Արմենիա» պարբերականին ասել է Բոլիվիայի օրենսդիր մարմնի ղեկավարը:

Բանաձևի տեքստում նշված է, մասնավորապես, որ Բոլիվիայի Օրենսդիր ժողովը աջակցում է հայ ժողովրդին իր պայքարում՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, ճշմարտության և արդարության վերականգնման, «հայտարարում է իր վճռական հանձնառությունը մարդու իրավունքների և արդարության պաշտպանության ուղղությամբ և դատապարտում հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանության և կրած տառապանքների ժխտման քաղաքականությունը»:

Այս հայտարարության ընդունման համար ջանքեր է գործադրել ազգությամբ քուրդ գործիչ Մեհմեթ Ալի Դողանը, ով վերջերս էր այցելել Հարավային Ամերիկա թուրք առաջադեմ մտավորական Ռագըփ Զարաքոլուի հետ:

Բոլիվիայում հայեր չեն բնակվում:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ երեկ Բուենոս Այրեսի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում կիրակնօրյա պատարագից հետո տեղի է ունեցել Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից` Օսմանյան կայսրության իրականացրած 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթերը Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանին և Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին հանձնելու արարողությունը:

Միջոցառմանը որպես հատուկ հյուրեր հրավիրված էին Բոլիվիայի Սենատի նախագահի տեղակալ, Սենատի գործող նախագահ Սոնիա Գուարդիա Մելգարը և Պատգամավորների պալատի պատգամավոր Ֆարիդես Վալա Սուարես դե Սուարեսը:

Իր ելույթում Մելգարը նշել է, որ Բոլիվիայի ժողովուրդն ու իշխանությունները ոչ միայն իրենց համերաշխությունն ու զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին` հանուն արդարության պայքարի գործում, այլ նաև դատապարտում են 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի ժխտողականության ցանկացած դրսևորում: Նա ընդգծել է, որ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջոցով հնարավոր կլինի ազգերի և պետությունների կյանքում կանխարգելել նման ոճիրների կրկնությունը:

Դեսպան Մելիքյանը Հայաստանի իշխանությունների անունից խորին երախտագիտություն հայտնեց Բոլիվիայի ժողովրդին և իշխանություններին այս կարևոր և պատմական իրադարձության կապակցությամբ: Ըստ դեսպանի՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին Բոլիվիայի կողմից այս ճանաչումը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում և ևս մեկ անգամ ապացուցում, որ ժխտողականության և մերժողականության քաղաքականությունը ի զորու չէ պայքարելու արդարության և ճշմարտության հաստատման դեմ:

Հայաստանը երախտագիտություն է հայտնում Բոլիվիային

Պաշտոնական Երևանը երախտագիտություն է հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու համար:

Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Էդվարդ Նալբանդյան, արխիվ

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այս քայլով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բոլիվիան իր կարևոր ներդրումը բերեց պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման, դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի վեհ գործում», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Նալբանդյանը:

«Այս ճանաչումը ոչ մի լոբբիստական աշխատանքի արդյունք չէ»․ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը, «Ազատության» հետ զրույցում գնահատելով Բոլիվիայի խորհրդարանի բանաձևը, հայտարարեց․ - «Ես ողջունում եմ Բոլիվիայի խորհրդարանի և Սենատի ճանաչումը Հայկական ցեղասպանության և մանավանդ 100-ամյակի շեմին: Սա կարևոր մի իրադարձություն է: Ճանաչումը գալիս է նաև մի այնպիսի ժամանակ, երբ Թուրքիայի խորհրդարանում բանաձևը ներկայացվել է քուրդ պատգամավորների կողմից, որպեսզի Թուրքիան ինքը ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Սասունյանն ընդգծեց, թե կարևորն այն է, որ թուրքերն անընդհատ ասում են, որ տարբեր երկրների խորհրդարաններում ճանաչումները լինում են հայկական լոբբիի ճնշման տակ, մինչդեռ Բոլիվիայում «գրեթե հայկական համայնք գոյություն չունի, և այս ճանաչումը ոչ մի լոբբիստական աշխատանքի կամ ճնշումի արդյունք չէ, այլ պարզապես Բոլիվիայի կառավարության ազնիվ և արդարացի կողմնորոշման հետևանք է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG