Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ նախագահի հետ Եվրոպա-Եվրասիա երկընտրանքն է քննարկել


Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ նախագահի հետ Եվրոպա-Եվրասիա երկընտրանքն է քննարկել
please wait

No media source currently available

0:00 0:03:01 0:00

Բրյուսելում անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի աշնանային նստաշրջանին այս անգամ ներկա էր նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երեքշաբթի երեկոյան հանդիպեց նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:

Հանդիպումից անմիջապես հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ ԵԺԿ-ի նախագահի հետ քննարկել են ժողովրդավարության իրավիճակը Հայաստանում, ինչպես նաև Եվրոպայի երկակի չափանիշներին և կեղծված ընտրությունների ճանաչմանը վերաբերող հարցեր:

Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր բրյուսելյան այցը և Եվրոպայի ամենամեծ քաղաքական կուսակցության նախագահի հետ հանդիպումը կա՞պ ունեն Հայաստանի տարբեր ատյաններում քննարկվող Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցի հետ։

«Պարզապես զուգադիպեց, այդ նույն օրերին, որ Հայաստանում խորհրդարանի արտահերթ նիստ է, քաղաքական վեհաժողովն է, և ես որոշեցի գալ, ներկայացնել մեր ազգային հարցերը, ինչպես նաև մեր ժողովրդավարական մարտահրավերները և բացերը»,- ասաց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը ելույթ է ունեցել նաև ԵԺԿ-ի աշնանային նստաշրջանում։ «Ժառանգությունը» ԵԺԿ-ի դիտորդ անդամ է, Հայաստանից կուսակցությանը անդամակցում են նաև Հանրապետական կուսակցությունը և «Օրինաց երկիրը»։

«Եվ վերջում խոսեցինք Հայաստանի ինքնիշխանության մասին՝ Եվրոպա, Եվրասիա այս երկընտրանքի մասին։ Կտեսնենք, թե ով ինչպես կքվեարկի Հայաստանի խորհրդարանում, «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու, որովհետև ոչ թե մենք դեմ ենք Ռուսաստանին կամ կողմ ենք Ամերիկային, մենք հարգում ենք սեփական Սահմանադրությունը, անկախությունը, ինքնիշխանությունը։ Եվ ով հարգի մեր շահերը և մեր ազատությունը, ինքը նաև կարող է վայելել մեզ, մեր զորակցությունը, մեր գործընկերությունը։ Դա վերաբերում է Եվրոպային, Ռուսաստանին և Ամերիկային»,- ասաց նա։

«Սա արդեն վերջին հաշվով ոչ միայն Ռուսաստանին քննադատելու կամ քլնգելու առիթ պետք է լինի, ոչ էլ Եվրոպային պաշտպանելու։ Սա Հայաստանի խնդիրն է, և Հայաստանը իրավունք չունի իր և մեր սեփական ինքնիշխանությունը, սահմանադրական անկախությունը զիջել ուրիշին»,- ընդգծեց Հովհաննիսյանը։

Ըստ «Ժառանգության» առաջնորդի՝ Ժոզեֆ Դոլի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցին, Ղարաբաղի խնդրի, Ադրբեջանի կողմից վերջերս խոցված ուղղաթիռի, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող հարցեր։

Հայաստանի իշխանությունները, փաստորեն, չարդարացրեցին եվրոպական հույսերն ու երկար բանակցություններից հետո որոշեցին միանալ Ռուսաստանի գլխավորած միությանը։

Հարցին, թե որքանո՞վ կարող է փոխվել Եվրոպայի վերաբերմունքը Հայաստանի և մասնավորապես ԵԺԿ անդամ իշխող կուսակցության նկատմամբ, Հովհաննիսյանը պատասխանեց.- «Կարող է հիմա որոշ վերանայումներ լինեն, ես չգիտեմ, բայց պիտի գիտակցենք, որ միջազգային հարաբերությունները և աշխարհի բանը հիմնված են շահի վրա, ոչ թե հույզերի կամ գեղեցիկ աչքերի։ Եթե այս շահերը համընկնեն, ուրեմն կլինի փոփոխություն, եթե ոչ, ուրեմն՝ չէ։ Մենք պետք ունենք հորիզոնական երկկողմանի հարաբերություններ աշխարհի բևեռների կամ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Մենք դա չունենք հիմա, և ով առաջինը վերանայի իր մոտեցումը Հայաստանի նկատմամբ, եթե Հայաստանը նաև ինքը ներքուստ փոխվի և դառնա իրավական, սահմանադրական երկիր, կդառնա մեր ռազմավարական, իրական գործընկները։ Այդ հարցը բաց է բոլոր ուղղություններով, եթե Եվրոպան ուզում է վերանայել, միայն ուրախ կլինեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG