Մատչելիության հղումներ

Հայկական ուղղաթիռը խոցելու կապակցությամբ Պետդեպարտամենտի խոսնակը մեկնաբանություն չունի


ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ
ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսաքի, արխիվ

Փսաքիի դիտարկմամբ՝ տեղի ունեցածը մեկ այլ հիշեցում է, որ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման նպատակով հարկավոր է կրկնապատկել ջանքերը:

«Մենք երկու երկրներում էլ ունենք դիվանագիտական ներկայացուցչություններ, սակայն մասնավորապես այս դեպքի կապակցությամբ ես այլ նորություն չունեմ», - ասաց Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսաքին, պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի հարցին՝ արդյոք Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խոցելու դեպքից հետո ԱՄՆ-ը կապ հաստատե՞լ է կողմերի հետ:

«Սա մեկ այլ հիշեցում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման և հրադադարը հարգելու նպատակով հարկավոր է կրկնապատկել ջանքերը», - ասաց Փսաքին՝ ցավ արտահայտելով կատարվածի առթիվ ու ցավակցական խոսքեր հղելով երեք զոհերի ընտանիքներին։

Դիտարկմանը, թե այս դեպքը և Ղարաբաղում երկու ադրբեջանցիների գտնվելու փաստը չի՞ խոսում արդյոք այն մասին, որ գործընթացը չի գնում ճիշտ ուղղությամբ, Պետքարտուղարության խոսնակը արձագանքեց՝ հիշեցնելով Մինսկի խմբի միջոցով կողմերին օգնելու Ամերիկայի առաքելության մասին։

«Մենք շարունակելու ենք տեղերում մեր մյուս միջոցներով գտնել լուծման միջոցներ», - ասաց Փսաքին:

Դահլիճում հնչած մեկ այլ հարցի, թե ընդունո՞ւմ է Պետքարտուղարությունը, որ հրադադարը խախտել է Ադրբեջանը՝ ոտնահարելով խաղաղ կարգավորման գլխավոր սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառման մասին պայմանը, Ջեն Փսաքին պատասխանեց, որ ինքն այժմ որևէ վերլուծություն չունի այս առիթով։

«Կողմերն անում են իրենց մեկնաբանությունները, սակայն այս պահին ես որևէ մեկնաբանություն չունեմ», - ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG