Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, ոչ իշխանական եռյակը դեռ չի որոշել հաջորդ հանրահավաքի օրը:
Նրա գործընկեր Միքայել Մելքումյանի խոսքով` հանրահավաքի օր չհայտարարելը կարող է նաև տակտիկական քայլ լինել. - «Դա առաջնորդների և եռյակի որոշելիքն է»:
Նշենք, որ ոչ իշխանական ուժերը նոյեմբեր ամսվա բոլոր ուրբաթ օրերի համար հանրահավքի անցկացման մասին իրազեկում են ներկայացրել քաղաքապետարան:
Իշխանական Հանրապետականից կարծիքներ են հնչում, թե եռյակի հանրահավաքն ուշանում է, որովհետև ասելիք չունեն:
Խորհրդարանի պետաիրակավան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) «Ազատության» հետ զրույցում ասաց, թե վերջին երկու հանրահավաքներում ծրագրային ուղերձներ չի լսել եռյակից․ - «Շատ դժվար է քաղաքականության մեջ բարձրացնել այդ նշաձողը և փորձել դա պահել, երբ որ առաջիկայում ունես 3-4 տարի»:
Միքայել Մելքումյանն ասում է, որ եռյակն այժմ զբաղված է կազմակերպչական հարցերով՝ մարզերում շտաբեր է հիմնում, հետո կանցնեն քաղաքական օրակարգի պահանջներին․ - «Հանրահավաքը էլի կարելի է անել ճիշտ պահին, բայց որպեսզի մենք տրամաբանված հաջորդականությամբ գնանք, մենք այս փուլում, սա իմ անձնական կարծիքն է և ոչ միայն, որ պետք է այդ շտաբները անպայման ստեղծվեն: Մարդիկ, ասենք, հեռավոր մարզում կամ գյուղում, ուզում են աջակցել․ նրանց մտքում դա կա: Նրանց հոգում է պետք է լինի, և նրանք պետք է գործուն քայլերով ցույց տան: Ոչ թե գնան կտրուկ շարժումներ անեն, այլ ուղղակի մենք հստակ հասկանանք, որ այդ գործընթացները գնում են: Ճիշտ կետին մենք արդեն կիմանանք: Դա կարող է տևել մեկ ամիս, երեք ամիս, երկու ամիս․․․ դրանք գործընթացներ են»:
Մելքումյանը նաև ասաց, որ անպայման անդրադառնալու են Գագիկ Ծառուկյանի հայտարարած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին: Եռյակը, հիշեցնենք, պահանջում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի վերացում և ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակում:
«Նորից եռյակի որոշելիքն է, թե որ պահին որ փուլում դա պետք է ներկայացնել, ինչ ձևով: Ես դեմ եմ, որ մենք անընդհատ շարունակենք ներկայացնել խորհրդարանում նախագծեր, որոնք մեծամասնության կողմից անպայման կմերժվեն: Մենք պետք է դա էլ ճիշտ հաշվարկենք՝ որ փուլում», - հավելեց նա:
Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ), սակայն, կարծում է, որ Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու անհրաժեշտություն չկա․ - «Եթե մեր գործընկերները՝ ընդդիմադիր թևը ներկայացնող, եկել են այն համոզմունքի, որ պետք է գան և քննարկենք սահմանադրական բարեփոխումները, և այս կոնտեքստի մեջ են տեսնում այս Ընտրական օրենսգրքի այս համամասնականի փոփոխությունը, քավ լիցի, ես անկեղծ ողջունում եմ: Եվ որպես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պատրաստ եմ այդ նախագիծը սահմանադրական բարեփոխումների շրջանակում քննարկման առարկա դարձնել»:
Սահակյանի ցանկությունն է, որ եռյակը չհիասթափեցնի ժողովրդին: Նրա խոսքով, երբ իրենց ընդդիմախոսների առաջարկները պոպուլիստական չէին, նրանք հաջողում էին․ նա օրինակ բերեց հակասահմանադրական ճանաչված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որը Սահմանադրական դատարանը քննեց հենց ոչ իշխանական քառյակի նախաձեռնությամբ:
«Կհորդորեմ, նաև կոչ կանեմ, որպեսզի իմ գործընկերները գոնե ի նկատի ունենան, կամ հաշվի առնեն, որ այնտեղ կան նաև մտահոգ քաղաքացիներ, ովքեր իրենց վրա` որպես ընդդիմություն, որպես այլ տեսակետ ունեցող մարդիկ, հույս են դրել և եկել են այդտեղ և սպասում են ինչ-որ փոփոխությունների, ինչ-որ քայլերի», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը: Իսկ դիտարկմանը, թե այդ դեպքում իշխանափոխություն կլինի, պատգամավորը արձագանքեց. - «Ես չեմ կարծում, թե հուսախաբ չանելու այնընտրանքը դա իշխանափոխությունն է: Մենք կարող ենք կոնստրուկտիվ դաշտում ճիշտ քաղաքականության դեպքում, նշաձողը ճիշտ չափի վերցնելու դեպքում բավականին օգտակար աշխատանքներ և գործեր անենք: Հուսախաբ չանելը դա է»:
Հակադարձելով իշխող քաղաքական ուժի պատգամավորին՝ Միքայել Մելքումյանն ասաց, թե իշխանության մեջ գտնվողներն էլ են եռյակի հետ հույս կապում, և կրկնեց՝ նախ կկազմակերպվեն, ապա կգործեն:
ՀԱԿ-ը կարծում է, որ գործընթացն անհրաժեշտ է արագ հասցնել ավարտին՝ մեկ-երկու ամսվա ընթացքում, որովհետև շարժումը դժվար է երկար պահել: Հարցին, թե ԲՀԿ-ն այս առումով ինչի կողմնակից է, Միքայել Մելքումյանը պատասխանեց․ - «Ես դանդաղ շտապելու կողմնակից եմ: Չորս հիմնարար խնդիր կա․ Սահմանադրության կասեցում, 12 կետեր, մեծամասնականը Ընտրական օրենսգրքից հանել և արտահերթ ընտրություններ: Բայց գործընթացները պետք է ընկալվեն, այս գործընթացները պետք է գեներացվեն: Իսկ տակտիկական հարցերում թող լինեն տարբերություններ, միևնույն է, մենք պետք է միասին քննարկենք և ճիշտ լուծումը ամբողջական գտնենք»: