Մատչելիության հղումներ

Ղարաբաղի հարցով բարձր մակարդակի բանակցությունները կշարունակվեն


Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, Փարիզ, 27-ը հոկտեմբերի, 2014թ․
Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, Փարիզ, 27-ը հոկտեմբերի, 2014թ․

Փարիզում ամփոփվեցին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնած հանդիպման արդյունքները:

Փարիզի Մարինյի պալատում երկուշաբթի ուշ երեկոյան ավարտվել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները, որ նախաձեռնել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի համատեղ հանդիպման ժամանակ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Օլանդը Սարգսյանին և Ալիևին կոչ է արել ակտիվացնել ջանքերը միջազգային իրավունքի և Մինսկի խմբի մատնանշած սկզբունքների շրջանակում հակամարտությունը կարգավորելու համար:

Ֆրանսիական պետության ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հորդորել է քաղաքական կամք դրսևորել՝ տարաձայնությունները հաղթահարելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:

Օլանդը անընդունելի է համարել ստատուս քվոյի պահպանումը՝ առաջարկելով համապարփակ խաղաղ համաձայնագիր մշակել:

Ֆրանսիական կողմի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ հանդիպել հաջորդ տարի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի հերթական նստաշրջանի ընթացքում:

Երեկոյան Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահի անունից ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների տրվել է ընթրիք:

Նալբանդյանը կառուցողական, օգտակար և անկեղծ է որակում Փարիզի հանդիպումը

«Այսօրվա հանդիպումը ես կբնորոշեի որպես կոնստրուկտիվ, կառուցողական, օգտակար և անկեղծ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փարիզյան բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում:

«Այս հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, և նաև վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք առաջարկվել էին դեռ Ֆրանսուա Օլանդի կողմից իր այցելության ժամանակ տարածաշրջան` մայիս ամսին և որոնք ողջունվել էին նաև եռանախագահների կողմից», - փոխանցել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Մեր մոտեցումները նույնն են, ինչ որ եռանախագահների մոտեցումներն են։ Այդ կարգի վստահության միջոցառումները կարող են լավ պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու համար բանակցային գործընթացում», - ասել է Նալբանդյանը՝ շարունակելով․ - «Ադրբեջանի մոտեցումը մի փոքր այլ է։ Իրենք այլ ծայրից են, այսպես ասենք, մոտենում, որովհետև կարծում են, որ առաջընթա՛ցը բանակցությունների կարող է պայմաններ ստեղծել վստահության ամրապնդման միջոցառումների համար։ Բնականաբար, դա մի փոքր տարբեր մոտեցում է, բայց դա հայտնի մոտեցում է, ինչը որ եղել է նաև նախկինում»։

Ըստ նախարարի՝ հանդիպման ընթացքում նախագահները հնարավորություն են ունեցել քննարկելու նաև այլ հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային, միջազգային խնդիրներին, «որոնք բավական հետաքրքիր քննարկումներ էին, որոնք ցույց տվեցին, որ կան հարցեր, որոնց նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները կարող են նաև մոտ լինել»։

Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին բանակցությունները կազմակերպելու համար: «Վերջին երեք ամսվա ընթացքում սա արդեն երրորդ հանդիպումն է նախագահների` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, և դա ցույց է տալիս, որ եռանախագահող երկրները հաստատակամ են շարունակելու իրենց միասնական ակտիվ ջանքերը` ուղղված հիմնախնդրի կարգավորմանը։ Այդ կոնտեքստում էր նաև այսօրվա հանդիպումը Փարիզում», - ասել է Հայաստանի արտգործնախարարը և շեշտել․ - «Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են հանդիպումների կազմակերպմանը հատկապես ամենաբարձր մակարդակով, որոնք հնարավորություն են տալիս կողմերին ավելի լավ ծանոթանալու մոտեցումներին իրար և հնարավորություն է փնտրելու մոտեցնել դիրքորոշումները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG