Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը և ընկերները հանդես եկան պաշտպանական ճառերով


Շանթ Հարությունյանը և ընկերները հանդես եկան պաշտպանական ճառերով
please wait

No media source currently available

0:00 0:04:41 0:00

Այսօրվա նիստին դատավորը սանկցիա կիրառեց Շանթ Հարությունյանի պաշտպանի նկատմամբ:

Նոյեմբերի 5-ից մեկ տարի անց Շանթ Հարությունյանն ու ընկերները չեն հրաժարվել հեղափոխության մտքից, պաշտպանական ճառերում ամբաստանյալները մեկը մյուսի հետևից միաբերան պնդում էին՝ փողոց էին դուրս եկել գաղափարական, արժեքների պայքարի: Նպատակը ուժի մեջ է: Բանակում 20 տարի ծառայած Արմեն Հովհաննիսյանը, ում իշխանությունները մեղադրում են ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ, հայտարարեց, թե ոստիկանական բռնապետությունում արդարադատություն չկա: Պահեստազորի մայորը խոսքն ուղղեց «իշխանությունը զավթած բանդային»:

«Ես քաղաքական բանտարկյալ եմ, հալածվում եմ իշխանությունների կողմից իմ քաղաքական դիրքորոշման, հայրենասեր և արժանապատվություն ունենալու պատճառով: Անգամ դատապարտելով ինձ ազատազրկման՝ դուք վախենում եք խոստովանել, որ ինձ վտանգավոր եք համարում հենց ձեզ համար, որովհետև ձեր բեսպրեդելության ու անօրինականության պատճառով ժողովրդի ատելության ու դժգոհության ալիքը հասնում է ձեզ համար վտանգավոր սահմանագծին», - ասաց Հովհաննիսյանը:

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Շանթն ու ընկերները ելույթ չէին ունեցել: Արմեն Հովհաննիսյանը որակեց, որ դա երրորդ հանրապետության ամենամեծ դավաճանությունն էր․ - «Պարկելով ռուսի տակ, Հայաստանի Հանրապետությունը դարձնելով Ռուսաստանի ծայրամաս՝ մենք վերջնականապես կորցնելու ենք մեր անկախությունը, իսկ դրանով իսկ դուք երաշխավորում եք մեր քաղաքացիների արտագաղթը»:

Պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանը շարունակեց՝ ասելով, թե առանց այդ դաշինքին միանալու էլ ամեն ինչ ռուսների ձեռքում էր․ - «Հիմի մեզ որ դատում են, ուղարկելու են Ռուսաստան նստենք: Ուզում եմ իմանամ՝ ինձ մաքսազերծելո՞ւ են, թե առանց մաքսազերծման ղրկելու են բերդ»:

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Վարդանյանի խոսքով՝ անցած ամիսներին երևաց, որ արդարադատությունը միայն արդարներին դատելու համար է: Իր պաշտպանական ճառում նա դիմեց նախագահ Սերժ Սարգսյանին, ով Կոլումբիայի համալսարանում Շանթին անվանել էր հանցագործ:

«Էդ մարդը ինձ 20 հատ կոչում ա տվել, 15 հատ մեդալ ա տվել ու հիմի ինձ ասում ա հանցագործ: Ես Սուրեն Խաչատրյանը չեմ, որ մի հատ էլ պաշտոն տա», - ասաց Վարդանյանը:

Ալեք Պողոսյանը ամբաստանյալի աթոռից հայտարարեց, որ դատավճռով օրինականացվելու են ոստիկանների բռնություններն ու հայհոյանքները․ - «Լավագույն դեպքում Հայաստանի քաղաքացին իրավազուրկ հպատակ է իրական տերերի համար՝ իրենց հանքերով, հյուրանոցներով էժան աշխատուժ է, ընտրություններին 5 հազար դրամով ձայների քանակ ապահովող ընտրազանգված է և ոչ ավելին»:

Ալեք Պողոսյանը դատարանին պատմեց, որ Շանթի մեջ տեսել է հայրենիքին անմնացորդ նվիրված մարդու, դրա համար է միացել շարժմանը․ ուզում էին կանխել Հայաստանի թշնամի Կրեմլի նախաձեռնած միությանն անդամագրվելը:

Բուռն ծափերի ներքո հնչող ելույթներում գրեթե բոլորն էին համոզմունք հայտնում, որ իրենց դատավճիռը Մոսկվայից է իջեցվելու, իսկ Եվրասիական միությանն անդամակցելուց հետո այն կլինի ավելի դաժան:

Ամբաստանյալները քննադատեցին նաև ընդդիմադիրների լռությունը այս հարցում: Ասում էին՝ ժողովրդի անունից ժողովրդին կեղեքողներն են խոսում:

Շանթի որդին՝ 15-ամյա Շահեն Հարությունյանը, ում սպառնում է 5 տարվա ազատազրկում, չժխտեց՝ հարվածել է ոստիկանին․-«Եվ չեմ զղջում արարքիս համար: Վստահ պնդում եմ՝ եթե կրկին ստեղծվի նույն իրավիճակը, նույն կերպ եմ վարվելու»:

Շանթ Հարությունյանը պաշտպանական ճառում երկար խոսեց արդարության, իրավական համակարգի մասին, պնդեց՝ դատարանն առաջնորդվում է «սովետից ժառանգած մեղավորության կանխավարկածով»՝ սկզբունքորեն բացառելով, որ ոստիկանին կարող է որևէ հանցանք մեղսագրվել:

«Հիմա Հայաստանի ամբողջ իրավական մտածողությունը դեբիլային վիճակում ա: Իշխանության ներկայացուցիչը չի կարա լինի հանցագործ: Էդ աքսիոմա ա: Ինքը գնում ա սադրում ա, ակնհայտ հանցագործության ա դրդում, որովհետև ինքը գիտի՝ անպատիժ ա, բեսպրեդել ա, ինքը ապօրինի զավթելա իշխանությունը »

Այսօրվա դատավարությանը դահլիճում հետևում էին «Ժառանգություն» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստանից» Էլինար Վարդանյանը:

Նիստի մեկնարկին դատավոր Մնացական Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանի պաշտպանին թույլ չտվեց միջնորդություն ներկայացնել դատավարությունը վերսկսելու մասին: Ինեսա Պետրոսյանն իր պահանջը բացատրում էր դատավորի կողմնակալությամբ: Մնացական Մարտիրոսյանը, սակայն, լսել անգամ չուզեց: Փաստաբանին լռեցնելու համար դատավորը կիրառեց պատժամիջոց՝ նախազգուշացում՝ սպառնալով ավելի խիստ միջոցների դիմել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG