Մատչելիության հղումներ

Ծառուկյանը պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը


Ծառուկյանը պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը
please wait

No media source currently available

0:00 0:06:30 0:00

«Եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրեցին, որ ի՛մ կարիքը կա այդ ծանր, դժվար պահին, ու ի՛մ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն՝ ես դրան էլ եմ պատրաստ», - հայտարարեց ԲՀԿ-ի առաջնորդը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարեց, որ պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։

Այս անակնկալ հայտարարությունը Ծառուկյանն արեց Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ այդպես էլ չկոնկրետացնելով՝ խոսքը արտահերթ, թե հերթական նախագահական ընտրությունների մասին է:

Լրագրողներից մեկի հարցին, թե ճի՞շտ են լուրերն այն մասին, որ նա մոտ օրերս առաջադրելու է իր թեկնածությունը որպես նախագահ, Ծառուկյանը նախ արձագանքեց «վայ, մամա ջան» բացականչելով, ապա մանրամասնեց, որ իր մտքում չորսից հինգ թեկնածու ունի նոր նախագահի ընտրության համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, և նրանք կարող են զարգացման ուղու վրա դնել երկիրը և խնդիրները կարգավորել։

«Բայց եթե իմ քաղաքական գործընկերները և հանրությունը նրանցից որևիցե մեկի թեկնածությունը կառաջադրի, ուրեմն՝ ես պատրաստ եմ նրան պաշտպանել, նրա կողքը կանգնել: Իսկ եթե իմ քաղաքական գործընկերները, հանրությունը ներկայացրեցին, որ ի՛մ կարիքը կա այդ ծանր, դժվար պահին, ու ի՛մ թեկնածությունը պետք է լինի, ուրեմն, ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ», - հայտարարեց ԲՀԿ-ի առաջնորդը։

Ապա Ծառուկյանը շարունակեց ներկայացնել, թե ինչ կլինի, եթե նախագահ լինի։ Իսկ նրա պատասխանն ավելի շատ նախընտրական ելույթ հիշեցրեց։

«Անմիջապես կարող եմ ասել՝ մի քանի ամսվա ընթացքում կարևորագույն խնդիրները լուծումներ կունենան, պետությունը կդրվի ճիշտ ուղու վրա, ճիշտ հիմքերի վրա։ Ու դա ոչ թե միայն խոսքերով, այլ, որ մարդիկ՝ բոլոր ոլորտի, նրանք դա կզգան՝ իրենց առօրյայում, իրենց ապրելակերպում և իրենց գործունեության մեջ։ Եվ կարող եմ մի բան էլ ասել, որ այդ ժամանակ չի լինի միանձնյա որոշում կամ մի կուսակցության որոշում՝ բոլոր կուսակցություններում կան շատ խելացի, բանիմաց մարդիկ», - շեշտեց Ծառուկյանը:

Նա հայտարարեց, թե անձամբ վաղը ներկա է լինելու Ազատության հրապարակում նախատեսված եռյակի հանրահավաքին և լինելու է ժողովրդի կողքին:

Արձագանքելով այն հարցին, թե արդյոք հակասություն չկա՞, երբ ԲՀԿ-ն ու եռյակի մյուս ուժերը երեկ Գյումրիում իշխանափոխություն էին պահանջում, իսկ ինքը այդ պահին Սերժ Սարգսյանի հետ էր հանդիպում, Գագիկ Ծառուկյանը պարզաբանեց, թե ինքն ընդամենը իր հյուրերին է ուղեկցել։

«Եթե եկել է Աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահը, Աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահը, որ երկիր որ մտնի, պատերազմող երկրում էլ, այդ երկրում պատերազմը դադարում է։ Ես ուզում եմ, որ մեր լրագրողները մի քիչ տեղեկացված լինեն իրականությունից։ Օլիմպիական խաղերը, որ երկրում էլ կայանում են, դա խաղաղություն է։ Ուրեմն հարգելով, այո, մեր պետությանը՝ պարտավոր եմ իմ հյուրերի հետ գնալու, լսելու քննարկելու, բայց դա ոչ մի բանի չի խանգարում՝ մեր սկզբունքին, մեր մոտեցմանը, մեր տեսակետին», - ասաց Ծառուկյանը։

Նախագահական հավակնություններ ունեցող Ծառուկյանը այսօր ավելի վաղ հարցազրույց էր տվել ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետային»՝ վստահեցնելով, որ եռյակի սկսկած հանրահավաքները Մայդանի հետո որևէ կապ չունեն․ պարզապես ժողովուրդը հոգնել է «երկրում տիրող անարադրությունից և վատ կյանքից»․ - «Ես 5-6 տարի առաջ եմ զգուշացրել, որ երկրում սխալ տնտեսական քաղաքականություն է իրականացվում, բայց իմ խոսքն այդպես էլ հասցեատիրոջը չհասավ, և այսօր մենք ունենք այն, ինչ ունենք»:

ԲՀԿ-ի ղեկավարը, սակայն, դեմ է «մայդանի» ուղուն․ - «Դրանք ժողովուրդներին հաճախ բերում են ցավ և զրկանքներ: Սակայն պարտադիր չէ, որ մայդանի այլընտրանքը լինի լճացումը: Սա նույնպես բերում է կորուստների: Իսկ այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, այդ կորուստները կարող են շատ ցավոտ լինել»:

Պատասխանելով ռուսաստանյան լրատվամիջոցի թղթակցի դիտարկմանը, թե հետսովետական երկրներում մայդանների հիմնական լուզունգներից մեկը հակառուսական հռետորաբանությունն է, ուստի կարող է Հայաստանի ամենախոշոր ոչ իշխանական քաղաքական ուժի ղեկավարը բացառել նման սցենարի զարգացումը, Գագիկ Ծառուկյանը պատասխանում է․ - «Երբեք չեք լսել և ապագայում էլ չեք լսի ինձանից և իմ կողմնակիցներից հակառուսական հայտարարություններ: Հայաստանին պետք է ուժեղ դաշնակից՝ ի դեմս Ռուսաստանի: Միաժամանակ Հարավային Կովկասում Ռուսաստանին անհրաժեշտ է տնտեսապես ուժեղ և դինամիկ զարգացող դաշնակից՝ ի դեմս Հայաստանի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG