Մարզպետի ազդեցությունը՝ քրեական գործով
Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակելու հանգամանքը նկատելի ազդեցություն է ունենում նրա հետ առնչություն ունեցող դատական գործերի վրա:
Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո նրա գնդապետ եղբոր՝ գնդապետ Արտակ Բուդաղյանի մեղադրանքով դատական նիստի ժամանակ Գորիսի դատարանում այսօր ևս կրքեր են շիկացել:
Սպառնալիքի մեջ մեղադրվող Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը նախորդ դատական նիստի ժամանակ հայտարարել էր, որ դատավորը չի կարող անկողմնակալ քննել մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբորն առաջադրված մեղադրանքի գործը և լքել էր նիստերի դահլիճը:
Այսօր այս գործով դատական նիստի ժամանակ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի փաստաբան, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը դիմել է դատավոր Նապոլեոն Օհանյանին և դժգոհել Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ դահլիճը լքելու գործողությունից։ Նա ասել է, որ դատավորը մատների արանքով է նայում Ալումյանի գործողություններին, անգամ դիտողություն չի անում։
Այն բանից հետո, երբ Սուրիկ Խաչատրյանի փաստաբանը դատարանին դիմել է հարցով, թե հիմա Հայկ Ալումյանը մասնակցո՞ւմ է դատական նիստին, թե՝ ոչ, դատավորն անմիջապես այդ նույն հարցը հասցեագրել է նիստին ներկա Հայկ Ալումյանին։ Ալումյանը ասել է՝ հումորով է վերաբերվում Ռուբեն Սահակյանի հայտարարությանը։
«Ես էլի շարունակում եմ համարել, որ այս դատավարությունը բոլոր պարագաներում չի կարող ընթանալ օբյեկտիվ, քանի դեռ գործը քննվում է Սյունիքի մարզում աշխատող, բնակիչ հանդիսացող դատավորի կողմից, իսկ Սյունիքի մարզպետը այսօր Սուրիկ Խաչատրյանն է»,- ասել է Ալումյանը։
Գորիսում դատական նիստը մինչև հոկտեմբերի 15-ը հետաձգվել է, քանի որ նիստին չի ներկայացել տեսաձայնագրությունները փորձաքննության ենթարկած փորձագետը:
Դատավորը «կանաչ ճանապարհ է բացել Սուրիկ Խաչատրյանի առջև»
Այսօր Սուրիկ Խաչատրյանին առնչվող մեկ այլ, այս դեպքում քաղաքացիական գործով դատավարությունն էր շարունակվում Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Սուրիկ Խաչատրյանն այս դատարանից պահանջել էր Գորիսի նախկին քաղաքապետից բռնագանձել 1․5 միլիոն դրամ: Մարզպետի համար դատական հայց ներկայացնելու հիմք է հանդիսացել Գորիսի նախկին քաղաքապետի հայտարարությունները, մասնավորապես, Խաչատրյանի՝ 1992 թվականի գործունեության վերաբերյալ հրապարակված հոդվածը՝ «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա և սպանել չծնված երեխային» վերնագրով։
Հարությունյանը պնդում է, որ մարզպետի վերաբերյալ իր բոլոր հայտարարությունները հիմնավոր են և համապատասխանում են իրականությանը:
Գորիսի նախկին քաղաքապետն այսօր բացարկ հայտնեց դատավոր Անի Մխիթարյանին: Նա պնդեց՝ դատավորը թույլ է տվել ապօրինություններ, «կանաչ ճանապարհ է բացել զազրելի հանցանքների համար նախկինում դատապարտված, կալանավայրերում տարիների պատիժ կրած, բազում հանցանքների համար, ցավոք, դեռևս չդատապարտված Սուրիկ Խաչատրյանի առջև»:
Դատական նիստից հետո Սամվել Հարությունյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իր դիրքորոշումը.- «Լիսկայական ռեժիմի գոյության պայմաններում ես ու տրամաբանություն ունեցող որևէ քաղաքացի չի կարող հույս ունենալ, որ Հայաստանում որևէ դատարան կարող է արդար վճիռ կայացնել ռեժիմի հենասյուներից որևէ մեկի դեմ»։
Հարությունյանը, դատարանում Սուրիկ Խաչատրյանի հետ մրցակցային դատավարության պայմաններից դժգոհելով, անհրաժեշտ համարեց պահանջել ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի, այլ նրան մարզպետի պաշտոնը կրկին վստահած Սերժ Սարգսյանի հրաժարականը։
Ի դեպ, դատավոր Անի Մխիթարյանն ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի հոկտեմբերի 10-ին: