Մատչելիության հղումներ

Փորձագետները եռյակից իշխանափոխության նախաձեռնություն չեն ակնկալում


Հայաստան - Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի համատեղ ասուլիսը, արխիվ, 10-ը հունիսի, 2014թ․
Հայաստան - Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի համատեղ ասուլիսը, արխիվ, 10-ը հունիսի, 2014թ․

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի կարծիքով, խորհրդարանի ոչ իշխանական ուժերի եռյակը արտահերթ իշխանափոխություն չի անի:

«Իշխանափոխության սպասումներ պետք չէ ունենալ: Միայն այն, որ «Բարգավաճ Հայաստանը» քառյակի ֆունդամենտալ և ծանրակշիռ և թելադրող, ինչ-որ առումով, քաղաքական ուժն է, բնականաբար խոսել, որ քառյակը կկարողանա ընդհանրության գալ ամբողջական իշխանափոխության հարցում՝ միամտություն է», - ասում է Սաֆարյանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նույնպես եռյակի նախաձեռնություններից համակարգային փոփոխություն չի ակնկալում:

«Գրավիտացիոն օրենքով հավաքվել են ԲՀԿ-ի շուրջը, որովհետև ԲՀԿ-ն ամենահզորն է դրանց միջից և այդ ԲՀԿ-ակենտրոն, վարչապետասեր, ռոբերտքոչարյանամետ այդ խմբավորումները պարզապես փորձում են համակարգի ներսում պահպանել իրենց դիրքերը և նաև, հնարավորության դեպքում, ուժեղանալ, իսկ եթե հանկարծ արտաքին քաղաքական կոնյունկտուրան թույլ տա, նաև գալ այս իշխանության փոխարեն: Բայց խոսել այն մասին, որ նրանք ձգտում են ինչ-որ համակարգային փոփոխությունների, դա ուղղակի, կարծում եմ, վիրավորելու է մեր քաղաքացիների բանականությունը», - մեկնաբանում է փորձագետը:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, հակառակը, կարծում է՝ ոչ իշխանական բոլոր ուժերը ձգտում են իշխանափոխության, այլ հարց է, որ իշխանության փոփոխության հարցը, ըստ քաղաքագետի, Մոսկվայում է որոշվում:

«Բոլորն են ձգտում իշխանափոխության, ուղղակի ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» ձգտում են նախագահի հրաժարականին, այսինքն, ուզում են անմիջապես իշխանափոխությունը վերևից ներքև իրականացնել: Կան ուժեր, որոնք որ դրա հետ համաձայն չեն, մասնավորապես՝ ԲՀԿ-ն, դեռևս նախագահի հրաժարականը չի պահանջել, ՀՅԴ-ն էլ կարծես թե չի պահանջում: Սա ևս մեկ օրինակ է ցույց տալու համար, որ քառյակ, որպես դաշինք, գոյություն չունի», - ասում է Բադալյանը, - «Բնականաբար, եթե տարբեր տեսակետներ ունեն, ինչպե՞ս կարող են նրանք ինչ-որ մի բանի հասնել, առավել ևս իշխանափոխության հարցը Հայաստանի բնակչությունը չի որոշում»:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի» և «Ժառանգության» հանրահավաքային պայքարին չմասնակցելու՝ Դաշնակցության որոշմանը, Ստեփան Սաֆարյանը կարծիք է հայտնում, որ ՀՅԴ-ի համար Սահմանադրական բարեփոխումներն ուղղակի առիթ էին քառյակի նախաձեռնած գործընթացներին չմասնակցելու համար:

«Սա առիթ է՝ շրջանցելու այդ հարցը», - ասում է նա:

Արմեն Բադալյանը կարծում է՝ «մենք հիմք չունենք չհավատալու ՀՅԴ-ի տեսակետներին, մասնավորապես այն մասին, որ իրենք սկզբունքայնություն են դրսևորել և կողմնակից են կառավարման համակարգով խորհրդարանական տարբերակին անցնելուն, որի մասին, ի դեպ, ՀՅԴ-ն արդեն 20 տարի է՝ խոսում է»:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ եռյակի հանրահավաքի օրը՝ հոկտեմբերի 10-ը, պատահաբար չի ընտրվել: Ակնկալվում է, որ այդ օրը նաև որոշվելու է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը:

Հոկտեմբերի 10-ին հանրահավաք անելը բխում է թե՛ «Բարգավաճ Հայաստանի», թե՛ Հայ ազգային կոնգրեսի և թե՛ «Ժառանգության» շահերից՝ տարբեր ձևերով, կարծում է Ստեփան Սաֆարյանը․ - «Հիշենք, որ եռյակի երկու քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը և «Բարգավաճ Հայաստանը», մեղմ ասած դեմ չեն Հայաստանի անդամակցությանը: Այդ երկու ուժը խնդիր ունեն ցույց տալու, որ հրապարակը զբաղեցված է իրենցով, որ իրենց էլեկտորատը առավելապես համակարծիք է իրենց հետ և իրենք ապահովագրում են Հայաստանի անդամակցության թիկունքը: Բայց նաև փաստը հերթական անգամ լղոզելու և քողարկելու համար ձեռնտու է, որպեսզի հանրահավաքում մեկ այլ քաղաքական ուժ, որը դեմ է, ծրագրային իմաստով, այդ անդամակցությանը, նաև այլ ուղերձներ թողնի հրապարակից»:

XS
SM
MD
LG