Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյան. Մարտի 1-ի գործով բացահայտումները իրականացված են


Նորաստեղծ Քննչական կոմիտեի ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն, այսօր պատասխանելով «Մարտի 1-ի» գործի բացահայտման վերաբերյալ «Ազատության» հարցին, ասաց, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող այդ գործով բացահայտումները բոլորը իրականացված են։

«Մարտի 1-ի գործով բացահայտվել են բազում դրվագներ, մի շարք անձինք դատապարտվել են և նրանցից որևէ մեկի դատավճիռը չի փոփոխվել որևէ դատական ատյանում։ Իհարկե, կան առանձին չբացահայտված հանգամանքներ, որոնցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից»,- ասաց Հովսեփյանը։

Հարցին, թե ինչո՞ւ է գաղտնի պահվում «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավարի անունը, Աղվան Հովսեփյանը հորդորեց դիմել իրավասու մարմիններին։

Նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «Մարտի 1-ի» գործի բացահայտման մասին Աղվան Հովսեփյանի հայտարարությունը որևէ խնդիր չի լուծում։

«Ինքն էլ շատ լավ գիտի, որ քանի դեռ բացահայտված չեն մահվան հանգամանքները առնվազն տասը անմեղ զոհերի, բացահայտման մասին խոսելը պարզապես ծիծաղելի է»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ գլխավոր դատախազությունն Աղվան Հովսեփյանի օրոք ամեն ինչ արել է, որպեսզի հնարավոր չլինի լիարժեք բացահայտել «Մարտի 1-ի» գործը։

Նախկին գլխավոր դատախազին այսօր վերապահված է նորաստեղծ Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը։ Հովսեփյանը ինչ-որ չափով արդարացի է համարում իրավապաշտպանների այն մտահոգությունը, որ քննչական մարմինները Հայաստանում անկախ չեն, ձևական բնույթ են կրում ու կատարում են իշխանությունների հանձնարարությունները։

Մտահոգություն կա, որ նույն ճակատագրին կարժանանա նաև նորաստեղծ Քննչական կոմիտեն։

«Իրավապաշտպանների նման մոտեցումը ինչ-որ տեղ արդարացված է, որովհետև անկախ քննչական մարմնի գոյության անհրաժեշտություն վաղուց էր թելադրված մեր պետականության մեջ, մեր հասարակության մեջ։ Բոլոր քննչական մարմինները գտնվում էին գերատեսչական կարգավիճակում։ Այստեղից էլ, բնականաբար, պետք է մտահոգություն առաջացներ քննիչների ինքնուրույնության խնդիրը»,- ասաց նախկին դատախազը։

Հովսեփյանը վստահ է, որ անկախ ու միասնական քննչական մարմնի ձևավորմամբ գերատեսչական ազդեցությունների խնդիրը կվերանա.- «Ամեն ինչ անելու ենք, որ յուրաքանչյուր քննիչ՝ որպես նախաքննություն իրականացնող անձ, անկախ լինի և ներկայացնի նախաքննություն իրականացնող մարմինը»։

Քննչական մարմինների անկախությունը «Ազատության» հետ զրույցում կասկածի տակ էր դրել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը։

«Այն միֆը, որ Հայաստանում ստեղծվում են անկախ մարմիններ... դրանք ձևական բնույթ են կրում, իրականում ամեն ինչ որոշվում է քաղաքական որոշումներով և այդ նույն մարմիններին հանձնարարական է տրվում՝ որ գործում ինչպես վարվել»,- ասում է իրավապաշտպանը։

Սկզբունքորեն Քննչական կոմիտեի անհրաժեշտությունը կար, ասում է փաստաբան Երվանդ Վարոսյանը, սակայն ամենախնդրահարույց կառույցներն, ըստ փաստաբանի, դուրս են մնացել քննչական կոմիտեի կազմից։

«Ամենացավոտ ստորաբաժանումը Հարկայինի, Մաքսայինի քննչական ծառայությունն էր, որը լիովին ենթակա էր հարկային մարմիններին ու պատվեր կատարելով էր զբաղված։ Արդյունքում ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների հիմքի վրա ստեղծվեց Քննչական կոմիտե, որից դուրս մնացին Հարկայինի և Մաքսայինի քննչական մարմինները։ Այսինքն այդ մարմնի իմաստը արդեն անհասկանալի է»,- ասաց Վարոսյանը։

Ինչ վերաբերում է քննչական մարմնի անկախությանը, ապա նոր կառույցներ ու ստորաբաժանումներ ստեղծելով չէ, որ պետք է ապահովել դա, կարծում է փաստաբանը.- «Դրա համար պետք է գործի օրենքը, լինի օրենքի գերակայություն, ինչի համար այս վերաձևումները կարևոր չեն։ Այստեղ քաղաքական կամք է պետք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG