Մատչելիության հղումներ

Կուրց․ Ուկրաինական ճգնաժամը չի ազդի ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա


Կուրց․ Ուկրաինական ճգնաժամը չի ազդի ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա
please wait

No media source currently available

0:00 0:03:11 0:00

Ավստրիայի արտգործնախարարի համոզմամբ, Հայաստանի համար հնարավոր կլինի համագործակցել Եվրամիության հետ, բայց նաև համագործակցել Ռուսաստանի հետ: Նման հայտարարություն Սեբաստիան Կուրցն արեց երկուշաբթի երեկոյան Երևանում՝ պատասխանելով «Ազատության» հարցերին:

Չնայած սեպտեմբերի 5-ին ուժի մեջ մտած հրադադարին՝ Ուկրաինայի զինված ուժերի և Դոնբասում գործող ռուսամետ անջատականների միջև բախումները չեն դադարում: Մոսկվան չի թաքցնում, որ աջակցում է անջատականներին: Ռուսաստանի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում, գտնվող Հայաստանը անցած տարվա սեպտեմբերին, փաստորեն, հրաժարվեց Եվրամիության հետ ավելի քան երեք տարի բանակցված համաձայնագրից, և նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Երևանը ցանկանում է միանալ Կրեմլի նախաձեռնած Եվրասիական միությանը:

Հարցին՝ արդյոք Բրյուսելում մտահոգված չե՞ն, որ հատկապես ուկրաինական ճգնաժամի ֆոնին Մոսկվան կփորձի ուժեղացնել ճնշումը Եվրամիության հետ համագործակցող հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ, Ավստրիայի արտգործնախարարն արձագանքեց․ - «Ո՛չ, ճգնաժամն Ուկրաինայում խիստ բարդ հարց է Եվրամիության և Ուկրաինայի ժողովուրդների համար: Եվրամիությունը պետք է հնարավորինս աջակցի Ուկրաինայի ժողովրդին՝ կերտելու լավ ապագա: Բայց ես չեմ կարծում, որ Հայաստանը կբախվի ավելի դժվար իրադրության: Համագործակցությունը Հայաստանի ու Եվրամիության միջև չի վատանա Ուկրաինայում առկա ճգնաժամի պատճառով: Սա այլ հարց է»:

Խոսելով այն մասին, թե ինչ ընդհանուր հայտարարի կարող են գալ Եվրոպական միությունն ու Հայաստանը անցած տարվա անակնկալ զարգացումից հետո, 1995 թվականից ԵՄ անդամ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց․- «Հուսով եմ, որ Եվրոպական միությունում մենք ճանապարհ կգտնենք Հայաստանի նման երկրների համար, որպեսզի այդ երկրները համագործակցեն Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի հետ: Կարծում եմ, որ հնարավոր կլինի Հայաստանի պես երկրի համար լավ հարաբերություններ ունենալ երկու գործընկերների հետ էլ: Հատկապես տնտեսական առումով ուղղակի անհրաժեշտ է՝ Հայաստանի նման երկրների համար՝ մոտենալ Եվրոպական միությանը, բայց նաև լավ կապեր ունենալ Ռուսաստանի հետ»:

«Ազատության» հարցին, թե արդյոք իրավիճակ չի փոխվի այն բանից հետո, երբ Հայաստանն ի վերջո անդամակցի Եվրասիական միությանը, Սեբաստիան Կուրցը պատասխանեց․- «Հուսով եմ, կարող ենք լինել ավելի արագ, և Արևելյան գործընկերության համար կունենանք նոր ճանապարհ: Կարծում եմ, որ Հայաստանի համար հնարավոր կլինի համագործակցել Եվրամիության հետ, բայց նաև համագործակցել Ռուսաստանի հետ: Հույս ունեմ, որ այդ առումով մենք նոր ճանապարհներ կգտնենք Հայաստանի նման երկրների համար», - ասաց Ավստրիայի արտգործնխարարը՝ հավելելով, որ «հիմա բանակցությունների ժամանակն է»:

ԵՄ-ն Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի

Եվրահանձնաժողովը Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի 2014-ից 2017թվականների ընթացքում բարեփոխումներ իրականացնելու նպատակով. այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում երեկ հրապարակված հաղորդագրությունում:

Այս գումարը Հայաստանին է հատկացվում մասնավոր հատվածի զարգացման, հանրային կառավարման և արդարադատության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG