Շանթի գործով այսօրվա դատական նիստում մեղադրող Գևորգ Գևորգյանը հիմնավորված համարեց նոյեմբերի 5-ին «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով քաղաքական պահանջներ հնչեցրած քաղաքացիների մեղադրանքը: Նրանց ժպիտների և կատակների ուղեկցությամբ մեղադրողը միջնորդեց Շանթ Հարությունյանի մերձավոր ընկերոջը՝ Վահե Մկրտչյանին դատապարտել 8.5 տարվա ազատազրկման:
Դատական նիստին հետևողների արձանագրմամբ, տեսագրություններին հակասելով՝ տուժող ճանաչված ոստիկանների ցուցմունքները նախորդ դատական նիստերի ժամանակ լսելուց հետո մեղադրողը համարում է, որ Շանթի մերձավոր ընկերոջը՝ Ալբերտ Մարգարյանին պետք է դատապարտել 8 տարվա ազատազրկման: Մեղադրողը միջնորդեց Շանթ Հարությունյանին ազատազրկել 7 տարով: Վերջինս ժպտալով՝ «նորմալ» համարեց մեղադրողի պահանջը:
Գևորգ Գևորգյանը Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից պահանջեց Շանթ Հարությունյանի որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին 5 տարվա ազատազրկման դատապարտել: Շանթ Հարությունյանը, լսելով որդուն վերաբերող մեղադրողի պահանջած պատժաչափը, գրկախառնվեց նրա հետ, համբուրեց: Ընդմիջմանը Շահեն Հարությունյանը պատասխանելով «Ազատության» հարցին՝ ասաց․ - «Հորս խորհուրդը ի՞նչ պիտի լինի՝ միանշանակ, որ դուխս տեղը պահեմ»:
«Իշխանության պատվեր է հերթական, էնպես չի, որ մեծ բան էինք սպասում: Իրենք կատարեցին իրենց պատվերը, ուրիշ ոչինչ, ընդհանրապես մարդկության ոչ մի նշույլ չունեն»,- ասաց Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզան Բադալյանը:
Շանթն ու ընկերների մի մասը Հայաստանի սահմանների պաշտպանության համար մեդալների, պատվոգրերի են արժանացել: Մեղադրողը հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները հաշվի առավ․ պահեստազորի փոխգնդապետ Վարդան Վարդանյանին և Լիպարիտ Պետրոսյանին դատապարտելու իր պահանջը հրապարակելիս 7 տարվա պատժաչափի պահանջն ընդամենը կես տարով պակասեցրեց: Նրանք, ըստ մեղադրողի, նոյեմբերի 5-ին քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ քաշքշուկի մեջ ներգրավվելու համար պետք է դատապարտվեն 6.5 տարվա ազատազրկման:
Մեղադրողը 6.5 տարվա ազատազրկման դատավճիռ պահանջեց նոյեմբերի 5-ից մի քանի օր առաջ հայր դարձած 26-ամյա Ավետիս Ավետիսյանի համար:
«Դուխներդ չգցեք», - արձագանքեց նա:
Թեև դատարանում Հայկ Հարությունյանը և նրա մայրը պնդել էին, որ իրենց տանը եղել է ոչ թե հոգեմետ նյութ, այլ շան ժամկետանց դեղ, մեղադրողը պահանջեց Հայկ Հարությունյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման: Հայկ Հարությունյանն արձագանքեց նիստի ավարտին․- «Բախտներս բերեց՝ գնդակահարությունը հանել են: Ստրուկը պիտի իշխանության գլուխ չնստի»:
Մեղադրողը 6 տարվա ազատազրկման դատավճիռ պահանջեց 5 անչափահաս երեխաների հայր Ալեք Պողոսյանի համար:
Մեղադրողը միջնորդեց ճառից անմիջապես առաջ իրեն մեղավոր ճանաչած 19-ամյա ուսանող Մկրտիչ Հովհաննիսյանին դատապարտել 5.5 տարվա ազատազրկման, իսկ Տիգրան Պետրոսյանին՝ 4 տարվա ազատազրկման:
Մեղադրողը 4 տարվա ազատազրկում պահանջեց նաև պահեստազորի մայոր Արմեն Հովհաննիսյանի, Սևակ Մնացականյանի համար:
Գևորգ Գևորգյանը պահանջեց Միսակ Մկրտչյանին տուգանել 50 հազար դրամով:
Դատավարությանը հետևողները նիստից հետո, մեղմ ասած, իրենց դժգոհությունները հայտնեցին մեղադրողին: Վերջինս դահլիճից հեռացավ դատավորի և ամբաստանյալների համար նախատեսված մուտքով:
Հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 22-ին պետք է ճառով հանդես գան «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով բողոքի ակցիային մասնակցած քաղաքացիներն ու նրանց պաշտպանները: