Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն կարող է արագ արձագանքման ուժեր ստեղծել ռուսական հնարավոր հարձակման դեմ


ՆԱՏՕ-ն պատրաստվում է անցած տարիների ընթացքում իր ամենակարևոր հանդիպմանը։ Ուելսում անցկացվող հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները ամենայն հավանականությամբ կընդունեն այնպիսի ուժեր ստեղծելու մասին որոշում, որոնք կկարողանան անհրաժեշտության դեպքում Եվրոպայում կասեցնել Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական որևէ գործողություն։

ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե արագ հակազդման ուժերը միայն ավելի մեծ մի ծրագրի մի մասն են կազմելու։ Այս ուժերն ընդգրկելու են մի քանի հազար թվակազմով բանակայիններ, որոնք տեղաբաշխված են լինելու իրենց երկրներում ու անհրաժեշտության դեպքում տեղակայվելու են այլ տարածքներում։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի խոսքերով, առաջին քայլն իրականացնելու են այսպես կոչված «առաջապահ ուժերը», որոնք հասցնելու են առաջին հարվածը, որին հետո հետևելու են մյուս գործողությունները։

Մինչդեռ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե լավ կլիներ զսպել Կիևին և ավելացրել էր, որ կարող է անել միայն ԱՄՆ-ը։ Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին էլ հակադարձել է, թե արևելյան Ուկրաինայում Ռուսաստանը մի քանի հազար թվակազմով զորքեր ունի:

ՆԱՏՕ-ի մի շարք անդամներ, ինչպես օրինակ Էստոնիան, հայտարարում են, թե նոր ուժերի ստեղծումը բավարար չէ, հարկավոր է անել ավելին։

ԱՄՆ-ում Էստոնիայի դեսպանի տեղակալ Թանել Սեպի խոսքերով, իրենց համար շատ կարևոր է, որ քանի դեռ Ռուսաստանը շարունակում է նվաճողական քաղաքականությունը, ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը շարունակ իրենց ներկայությունն ունենան իրենց տարածաշրջանում: Դեսպանն ասում է, թե դրա համար իր երկիրն արդեն ունի համապատասխան հաստատություններ, այդ թվում հյուսիսային Եվրոպայում ամենաժամանակակից ռազմական օդանավակայանը, իսկ ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, թե Ուկրաինան ԱՄՆ-ի ու Եվրոպայի «փորձության պահն է», իսկ ռուսական ներխուժումը՝ «անամոթ հարձակում, որը պիտի արժանանա միացյալ պատասխանի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG