Մատչելիության հղումներ

Պուտինը Ուկրաինայում հրադադարի համաձայնությունը հնարավոր է համարել սեպտեմբերի 5-ին


Ռուսաստանի նախագահը հրապարակել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման պլանը, որը բաղկացած է առաջնահերթ յոթ կետերից: Նա ասել է, թե կարգավորման պլանը այսօր քննարկել են Ուկրաինայի նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Ուկրաինայի ղեկավարությունը կպաշտպանի երկկողմ հարաբերություններում նկատվող առաջընթացը:

Վլադիմիր Պուտինը, ով պաշտոնական այցով գտնվում է Մոնղոլիայում, Ուլան Բատորում լրագրողներին ասել է, որ «սեպտեմբերի 5-ին կայանալիք շփման խմբի հանդիպմանը Կիևի իշխանությունների և Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների ներկայացուցիչները կարող են հրադադարի շուրջ վերջնական համաձայնության հասնել»:

Անդրադառնալով կարգավորման պլանով նախատեսված կետերին՝ Պուտինը ասել է, որ առաջին հերթին պետք է դադարեցվեն «աշխարհազորայինների հարձակողական ակտիվ գործողությունները Ուկրաինայի հարավ-արևելքում», ինչպես նաև հակամարտության գոտում պետք է «բացառվեն մարտական օդուժի կիրառումը խաղաղ քաղաքացիների ու բնակավայրերի դեմ»:

Պուտինը առաջարկել է նախատեսել «հրադադարի պայմանների իրականացման ու մոնիթորինգի միջազգային լիարժեք ու օբյեկտիվ վերահսկողություն»:

Նա նաև նշել է, որ հակամարտ կողմերում ուժով պահվող անձանց պետք է փոխանակել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով՝ առանց նախապայմանների: Նա Կիևին կոչ է արել մարդասիրական միջանցքներ բացել փախստականների և ռուսական հումանիտար օգնությունը Ուկրաինայի արևելյան շրջաններ հասցնելու համար, ինչպես նաև հնարավոր է համարել շինարարական բրիգադներ ուղարկել Ուկրաինայի արևելքում հակամարտության արդյունքում քանդված, վնասված շենքերն ու տնտեսական կառույցները վերանորոգելու համար:

XS
SM
MD
LG