Մատչելիության հղումներ

«Ընդամենը մի թղթի կտոր». այսպես է Ադրբեջանն անվանում Արցախի վերաբերյալ Կալիֆորնիայի բանաձևը


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցյալ շաբաթ խստորեն դատապարտեց Կալիֆորնիայի օրենսդիր մարմնին՝ նահանգի Սենատի կողմից AJR 32 բանաձևի ընդունումից հետո, որը «խրախուսում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն» և «կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ու Կոնգրեսին՝ սատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը»: Բանաձևը նաև ճանաչեց, որ Արցախը «պատմականորեն եղել է հայկական տարածք.... սակայն 1921 թվականին Խորհրդային Միության օրոք ապօրինաբար անջատվել է Հայաստանից և հանձնվել նոր կազմավորված Խորհրդային Ադրբեջանի կառավարմանը»:

Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի երկու պալատները ճնշող մեծամասնությամբ կողմ են քվեարկել Արցախի բանաձևին՝ օգոստոսի 27-ին նահանգի Սենատը՝ 24-0, իսկ մայիսի 8-ին նահանգի ժողովը՝ 72-1 ձայների հարաբերակցությամբ: Այսպիսով, Կալիֆորնիան, Արցախին սատարող նման բանաձև ընդունելով, միանում է Լուիզիանա, Մեյն, Մասաչուսեթս և Ռոդ Այլենդ նահանգներին:

Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի որոշումները զայրացրել էին Ադրբեջանի կառավարությանը և նրա դիվանագետներին Միացյալ Նահանգներում: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլլաևը արհամարհեց Արցախի բանաձևը՝ այն անվանելով «ընդամենը մի թղթի կտոր»: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը խիստ քննադատեց տեղի հայ համայնքը, Կալիֆորնայի նահանգը և AJR 32-ը: Բանաձևը խափանելու իր ձախողումն արդարացնելու համար նա պնդեց, թե Կալիֆորնիայի սենատորները «իրենց ընտրական քարոզարշավների համար հսկայական ֆինանսական նվիրատվություններ» են ստացել «հայկական լոբբիից»: Մոռանալով, որ նա ներկայացնում է աշխարհի ամենաբռնապետական վարչակարգերից մեկը, Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հանդգնել է դաս տալ Միացյալ Նահանգների պաշտոնյաներին՝ «Ամերիկայի քաղաքական համակարգում առկա լուրջ բացթողման համար, որը հրատապ շտկման կարիք ունի»:

Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը, նախքան նման անհիմն մեղադրանքներ անելը, պետք է համացանցում փնտրեր, որպեսզի տեսներ, թե ինչքան գումար են ստացել Արցախի բանաձևի համար քվեարկած 24 սենատորներն ամերիկահայերից, եթե այդպիսիք եղել էին: Միացյալ Նահանգներում քարոզարշավների նվիրատվությունները թափանցիկ են, ի տարբերություն Ադրբեջանի, ուր այցելած քաղաքական գործիչներին ճոխ ընդունելության են արժանացնում և ճանապարհում փողի տրցակներով, խավիարի տուփերով և ոսկու ձուլակտորներով…

Գլխավոր հյուպատոսը բանաձևի ընդունումը նաև վերագրել է «հայկական լոբբիի չափազանց մեծ ջանքերին Կալիֆորնիայում, որտեղ շուրջ մեկ միլիոն հայ է բնակվում»: Մեկ միլիոնը ադրբեջանցի դիվանագետի կողմից ևս մեկ չափազանցություն է, որը շարունակելով կեղծ մեղադրանք է ներկայացնում հայկական «էթնիկ լոբբիին», որն իբր դիմել է «սպառնալիքների, շանտաժի և այլ միջոցների» Կալիֆորնիայի սենատորների դեմ:

Այնուհետև Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը պարծենում է իր գործադրած ջանքերով ընդդեմ AJR 32-ի, պնդելով, թե նա և իր հյուպատոսությունը մի շարք «լուրջ քայլեր» են ձեռնարկել, ներառյալ «բողոքի նամակների հղում բոլոր սենատորներին [և] բազմաթիվ հանդիպումներ նրանց հետ….»: Չնայած նրա խելահեղ գործունեությանը՝ ոչ մի սենատոր դեմ չքվեարկեց Արցախի օրինագծին… Աներևակայելի է, սակայն հյուպատոսը պնդում է, թե նա մեծ հաղթանակ է տարել, որովհետև վերջնական քվերակությունը ի նպաստ Արցախի եղել է 24-0, այլ ոչ թե 40-0, քանի որ որոշ սենատորներ կամ բացակայել են, կամ ձեռնպահ մնացել…

Հասկանալիորեն, գլխավոր հյուպատոսը մոռացել է նշել Արցախի օրինագծի դեմ պայքարում իր ամենամեծ կողմնակիցներին՝ հզոր լոբբիստական ընկերություններին, որոնք Ադրբեջանը վարձել է Վաշինգտոնում և Լոս Անջելեսում հսկայական գումարներով: Այդ ընկերություններից մեկը՝ JCI Worldwide-ը, Սեթ Յակոբսոնի գլխավորությյամբ, նամակ էր հղել Կալիֆորնիայի 40 սենատորներին ՝ ռաբբի Դով Նյումանի, Բեվերլիվուդի խաբադի, ռաբբի Մենդի Քոհենի, Սակրամենտոյի խաբադի, ռաբբի Յոնահ Բուկշտեյնի և Փիկո Շուլի ստորագրությամբ: Երեք ռաբբիները սենատորներին գրել էին, որ նրանք «կտրականապես դեմ են AJR 32-ին… Ադրբեջանը կարևոր դաշնակից է Իսրայելի և հրեա ժողովրդի համար: Հրեաները ազատ և պաշտպանված ապրում են Ադրբեջանում հազարավոր տարիներ… Որպես Կալիֆորնիայի հրեական համայնքի ռաբբիներ և առաջնորդներ, մենք զորակցում ենք մեր եղբայրներին ու քույրերին Ադրբեջանում և պահանջում ենք ԴԵՄ քվեարկել AJR 32-ին»: Այս ռաբբիներն ակնհայտորեն անհարմար վիճակի մեջ դրեցին իրենց նման անհեթեթ նամակ ուղարկելով, քանի որ չկարողացան նույնիսկ մի սենատորի համոզել դեմ քվեարկելու Արցախի բանաձևին: Ավելին, իրենց շրջանառվող նամակը Ադրբեջանի նավթադոլարների անիմաստ վատնում էր, քանզի JCI-ի մեծածախս լոբբինգն անարժեք դուրս եկավ:

Հետաքրքիր է, արդյոք նախագահ Ալիևին հայտնի՞ է, որ Ադրբեջանի հյուպատոսությունը Լոս Անջելեսում և դեսպանատունը Վաշինգտոնում միլիոնավոր դոլարներ են վատնում անարդյունավետ լոբբիստական ընկերությունների վրա: Արդյոք Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, տեղյա՞կ են, որ իրենց ղեկավարներն քամուն են տալիս երկրի հարստությունը արտասահմանում քաղաքական գործունեության վրա՝ ընդամենը մի «թղթի կտորին» հակազդելու համար: Իսկապես, եթե Կալիֆորնիայի Սենատի բանաձևը մի անիմաստ «թղթի կտոր» էր, ինչպես պնդում է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյան, ապա ինչո՞ւ էր Ադրբեջանն այդքան ժամանակ, ջանք ու դրամ ծախսում՝ փորձելով խափանել դրա ընդունումը:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG