Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ է անում ճիշտ ընկալել երեք օր առաջ իր կողմից արված այն հայտարարությունը, թե գործարարներին ստվերից միանգամից դուրս բերելու համար կախարդական փայտիկ չունի և իրեն ժամանակ է պետք:
Հիշեցնենք` պաշտոնը ստանձնելուց հետո Աբրահամյանը գործաարներին մինչև հուլիսի 1-ը ստվերից դուրս գալու ժամանակ էր տվել, խոստանալով, որ հակառակ դեպքում նրանցով կզբաղվեն համապատասխան մարմինները: Մինչդեռ իր վերջին հայտարարությունում վարչապետն ասաց, որ այդ գործընթացը կամաց-կամաց է հաջողության հասնելու:
Այս հայտարարությունը ընդդիմադիրները նոր կառավարության ձախողման մասին խոստովանություն էին որակել:
Երեկ Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը բացատրեց, որ հուլիսի 1-ը դա այն ժամկետն էր, որից հետո իրենք գործարարների հետ միասին պետք է աշխատեին:
«Ես ի՞նչ եմ ասել` ասել եմ, որ մենք հուլիսի 1-ից բոլորս պիտի աշխատենք միասին և հոկտեմբերի 1-ից մեր շրջանառության հարկը` 3.5 տոկոսը, դառնում է 1 տոկոս և փաստաթղթավորումը պարտադիր է լինում բոլորի համար: Հիմա, մենք այդ ժամանակահատվածում աշխատում ենք, և Ֆինանսների նախարարությունը, ինչպես որ մենք պայմանավորվել ենք, պարբերաբար տալիս է հաշվետվություն հանրությանը, և վերջերս Կառավարության նիստում տվեց հաշվետվություն` ինչ ենք արել մեկ ամսվա ընթացքում», - նշեց վարչապետը, - «Իսկ ինչ վերաբերում է իմ ասածին, ես խնդրում եմ, որ ճիշտ ընկալեք` խոսակցությունը վերաբերում է նրան, որ մեկ անգամից մենք ամբողջ ստվերը չենք կարողանա վերացնել, բայց որ ժամանակի ընթացքում նվազեցնելու ենք, դարձնելու ենք ամենամինիմում շեմը` դա փաստ է»:
Աբրահամյանը հիշեցրեց, որ Կառավարությունն իր առջև բոլորի համար հավասար հարկային դաշտ կազմեկերպելու խնդիր է դրել և ապագայում էլ հետևողականորեն աշխատելու են այդ ուղղությամբ:
Ընդդիմադիր գործիչների կարծիքով, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, Հովիկ Աբրահամյանը անկարող է տնտեսությունը ստվերից դուրս բերել, իսկ ստույգ ժամկետ նշելու պատճառը «Հայ ազգային կենգրես» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի կարծիքով՝ պարզապես փիար քայլ էր, որով նորանշանակ վարչապետը ցանկանում էր Ազգային ժողովի խմբակցությունների և քաղաքացիների շրջանում իր մասին դրական կարծիք ձևավորել։
«Հուլիսի մեկից կսկսեն աշխատել, հետո էլի չի ստացվի, հետո նոյեմբերի մեկ կտեղափոխվի -ժամկետները, հետո կգա մեկ տարին կլրանա և այդպես շարունակ»,- ասաց Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ ինչ ժամկետներ էլ նշվեն, խնդիրը լուծել չի հաջողվի, քանի որ ինչպես Հովիկ Աբրահամյանն, այնպես էլ գործող իշխանության մեծամասնությունը գործարարներ են, իսկ տնտեսությունը ստվերից դուրս բերել՝ նշանակում է վնասել սեփական բիզնեսը։
Համապատասխան մարմինները, որոնք պետք է զբաղվեին ստվերից դուրս չեկող գործարարներով, մաքսային և հարկային մարմիններն են։
Թադևոսյանը հարց է բարձրացնում. «Ինչպե՞ս եք պատկերացնում ոլորտը համակարգող Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի պայքարը ստվերի դեմ։ Ինչպես կարող է վարչապետը պարտադրել, որպեսզի Պետական եկամուտների նախարարությունը, որը գլխավորում է բավականաչափ մեծահարուստ անձ, ով ունի կարողություններ, շատ կարճ ժամանակամիջոցում կուտակած կարողություններ, ոչ միայն Հայաստանում, այլ եվրոպական մի շարք երկրներում»։
Այն, որ վարչապետի հայտարարությունը պարզապես փիար էր, համոզված է նաև «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Գործարարներին հավաքել էր, որ ի՞նչ աներ»,- «Ազատության» հետ զրույցում այսպիսի հարցադրում արեց Մարտիրոսյանը։
Վարչապետի այն դիտարկմանը, թե իր հայտարարությունը և նշած ժամկետը պարզապես սխալ է հասկացվել, Մարտիրոսյանը արձագանքեց.«Սա առաջին դեպքը չէ, որ իշխանություններին սխալ են հասկանում, և հիմա մեր հասկանալ կամ չհասկանալը այլևս էական չի, մենք գիտենք՝ ինչ է իրականությունը»։
Ընդդիմադիր գործիչները համոզված են, որ իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի կարող կյանքի կոչել նման խոստումներ, քանի որ համակարգը ստվերի վրա է հիմնված, ուստի, ըստ ընդդիմադիրների, պետք է համակարգային փոփոխություններ իրականացնել։
Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ոչ իշխանական քառյակի 12 պահանջներից և ոչ մեկը չի կատարվել, ուստի սեպտեմբերի վերջին իրենք կքննարկեն համաժողովրդական հանրահավաք անցկացնելու հարցը։