Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական գերության մեջ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան և այն պնդումների վերաբերյալ հաղորդագրություններով, որ նրա մահը վրա է հասել ոչ բնական պատճառներով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:
«Միացյալ Նահանգները իր անկեղծ ցավակցություններն է հղում պարոն Պետրոսյանի ընտանիքին», - ասված է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Ի պատասխան Կարեն Պետրոսյանի գերեվարման և սպանության վերաբերյալ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցի հրապարակած հաղորդագրությունում Պետդեպարտամենտը Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում այդ միջադեպի թափանցիկ հետաքննություն վարել և հրապարակել դրա արդյունքները:
«Մենք հիշեցնում ենք Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին իրենց պարտավորությունները ըստ միջազգային մարդասիրական օրենսդրության, հատկապես ազատազրկվածների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու հանձնառությունը: Կոչ ենք անում թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին երաշխավորել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքը հակամարտության հետ կապված պատճառներով ձերբակալվածների և ազատազրկվածների մոտ», - ասված է Պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակի հաղորդագրությունում: