Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը գերի է վերցրել Չինարի գյուղի մի բնակչի․ գյուղապետ


Այսօր կեսօրին ադրբեջանական կողմը գերի է վերցրել Չինարի գյուղի մի բնակչի՝ Կարեն Պետրոսյանին. Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ երիտասարդ տղամարդը անտառում մոլորվել է, անցել է սահմանը, սահմանամերձ ադրբեջանական գյուղում գյուղացիները նրան հանձնել են զինվորականներին:

«Մոլորվել է, էշով գնացել է անտառ փայտի, մոլորվել է։ Էդ տարածքը ուսումնասիրեցին, ման եկան, էշը գտան, ինքը չկար։ Մոլորվել է, անցել, մտել թուրքի գյուղը, էնտեղ գյուղացիները բռնել են, տվել զինվորականներին»,- ասաց Սաղոյանը։

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները Կարեն Պետրոսյանին ներկայացնում են որպես դիվերսանտ. վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը «Ապա» գործակալությունը տարածել է տեղեկություններ, թե հայկական դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել Թովրուզի շրջան, ադրբեջանի զինված ուժերը այդ խմբի անդամներից 4-ին սպանել են, մեկին՝ Կարեն Պետրոսյանին ձերբակալել։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը անլուրջ է համարում նման լուրերը:

«Քաղաքացիական մարդ է, որին փորձում են ներկայացնել դիվերսանտ, ինչպես այն հիվանդ պապիկին էին ներկայացնում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է, 4 հայ դիվերսանտների սպանելու՝ ադրբեջանական կայքի լուրերին՝ Հովհաննիսյանն հարցնում է՝ «բա ո՞ւր է սպանվածներից որևէ մի կոշիկ, որևէ մի գլխարկ, էլ չեմ ասում դիակ։ Բա ո՞ւր է: Մեր տեղեկություններով այդ մարդը (Կարեն Պետրոսյանը) նաև ալկոհոլ է օգտագործած եղել ու մի քիչ էլ երևի խնդիրներ ունի առողջական։ Պարզ է, որ բռնել են, ներկայացնելու են դիվերսանտ։ Ո՞նց եք կարծում, պարտված, այսքան բարդույթավորված Ադրբեջանը չի՞ փորձելու... մուկ էլ բռնեին, ասելու էին՝ հայ է»։

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG